Ընկերությունը 1 ամսվա ընթացքում գնման 9 պայմանագիր է կնքել նախարարության հետ․ «Հրապարակ»

2 Min Read

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանին պատկանող «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն պետության հետ ընդհանուր արժողությամբ շուրջ 208 մլն դրամի պայմանագիր է կնքել։ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 30-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ ընդամենը 1 ամսվա ընթացքում, Բադալյանի ընկերությունը գնման 9 պայմանագիր է կնքել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ, որոնցից երեքը՝ խոշոր` 56 մլն, 89 մլն եւ 30 մլն  դրամ արժողությամբ։

Նշենք, որ այս ընկերությունը զբաղվում է հեղինակային վերահսկողության ծառայությունների մատուցմամբ, այսինքն՝ հետեւում է նախարարության կողմից իրականացվող շինարարական, ճանապարհաշինական աշխատանքների կատարմանը, կազմում է համապատասխան փաստաթղթեր, ուսումնասիրություններ իրականացնում, այլ կերպ ասած՝ շինարարության թղթաբանությունն է իրականացնում եւ վերահսկում շինարարական աշխատանքները։

Բագրատ Բադալյանն այս ընկերության 88․13 տոկոսի բաժնետերն է, որը նա ձեռք է բերել 2020 թվականին, երբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականն էր։ Մինչեւ այս ընկերությունում Բադալյանի բաժնետեր լինելը, 2019 թ. հունվարի 1-ից մինչեւ 2020թ. ապրիլի 15-ը «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ կնքվել է պետական գնման ընդամենը մեկ պայմանագիր՝ 431 հազար դրամ պայմանագրային գնով: Իսկ 2018-ին՝ 3 պայմանագիր՝ 11 մլն 949 հազար դրամ ընդհանուր գնով: Այսինքն՝ մինչեւ Բադալյանի կողմից այս ընկերության ձեռքբերումը ընկերությունը 2 տարվա ընթացքում 19 անգամ ավելի քիչ արժողությամբ պայմանագիր է կնքել պետության հետ, քան այժմ` 1 ամսվա ընթացքում, այն էլ՝ միայն պետական 1 գերատեսչության հետ։ Ի դեպ, պայմանագրերի մեծ մասը կնքվել է 1 անձից գնման ընթացակարգով, առանց մրցույթի։

Փաստորեն ստացվում է, որ կառավարությունը պետական բյուջեից աստղաբաշխական գումարներ է փոխանցում նույն կառավարությունում բարձր պաշտոն զբաղեցնող անձին պատկանող ընկերությանը։ Ինչպես ժամանակին կասեր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` «Կոռուպցիան հո պոզով-պոչով մեծ կենդանի՞ չի, սա է կոռուպցիան»։

Share This Article
2 Comments