Թոփ 25 ընկերությունները, որոնք ՀՀ պետական բյուջե են վճարել ֏10 մլրդ և ավելի հարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում վճարված հարկերի ծավալների վերաբերյալ տեղեկատվությունը։

Առանձնացնենք այն ընկերությունները, որոնք պետբյուջե վճարել են ֏10 մլրդ և ավելի հարկ։

Որո՞նք են այդ 25 ընկերությունները․

Առկա վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» 2024թ․ վճարել է շուրջ ֏102 մլրդ-ի հարկ՝ ցուցակում զբաղեցնելով առաջին հորիզոնականը։

Երկրորդ տեղում է բջջային հեռախոսների մեծածախ առևտրով զբաղվող «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը, որի պարագայում 2024թ․ հարկային մուտքերը կազմել են շուրջ ֏67 մլրդ։

Ցուցակի երրորդ հորիզոնականում է հայտնվել ծխախոտային արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը 2024թ․ վճարել է մոտ ֏64 մլրդ։ Ընդ որում՝ 25 ընկերությունների ցանկում են հայտնվել ծխախոտային ապրանքատեսակների արտադրությամբ զբաղվող «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակ», ծխախոտի արտադրատեսակների մեծածախ առևտրով զբաղվող «Ջեյ Թի Այ Արմենիա» և «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունները, որոնք 2024թ․ պետբյուջե են վճարել համապատասխանաբար ֏20․4, ֏20․2 և մոտ ֏20 մլրդ հարկեր։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ցուցակում չորրորդն է. 2024թ. պետբյուջե է վճարել շուրջ ֏67 մլրդ:  

Ցուցակում է հայտնվել նաև դիզելային վառելիքի մեծածախ առևտրով զբաղվող «Սի Փի Էս Էներջի Գրուպ» ընկերությունը, որը 2024թ․ վճարել է մոտ ֏24 մլրդ հարկ։

Հայաստանի առևտրային բանկերից երեքը ևս ամենաշատ հարկ վճարող 25 ընկերությունների  ցանկում են՝ Ամերիաբանկը՝ ավելի քան ֏23 մլրդ, Ակբա բանկը՝ շուրջ ֏13 մլրդ և Ինեկոբանկը՝ մոտ ֏11 մլրդ:

Բենզինի մեծածախ առևտրով զբաղվող «Ֆլեշ» ընկերությունը, որը 2024թ․ բյուջե է վճարել մոտ ֏14 մլրդ հարկ, և դիզելային վառելիքի մեծածախ առևտրով զբաղվող ևս մեկ ընկերություն՝ «Մաքս Օիլը», որը 2024թ․ վճարել է մոտ ֏11 մլրդ հարկ, ևս ներառված են 25 խոշոր հարկ վճարողների ցանկում։

25 խոշոր հարկ վճարողների ցուցակում իրենց տեղն են գտել նաև շահումով խաղերի կազմակերպման հետ կապված այլ գործունեությամբ զբաղվող «Սոֆթ Կոնստրակտ», ինչպես նաև վիրտուալ մոլեխաղերի հետ կապված գործունեությամբ զբաղվող «Կաբարկո» ընկերությունները, որոնք 2024թ․ պետբյուջե են վճարել համապատասխանաբար մոտ ֏19 մլրդ և մոտ ֏12 մլրդ հարկ։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով