Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանում 2024թ․ նոյեմբերին 2023թ․ նոյեմբերի համեմատ արձանագրվել են անկումներ տարբեր ոլորտներում։ Մասնավորապես մտահոգիչ է անկումն արդյունաբերական արտադրանքի ծավալներում։
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2024թ․ նոյեմբերին 2023թ․ նոյեմբերի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալները նվազել են շուրջ 19%-ով՝ կազմելով ֏ 274 մլրդ։
Այս անկումը պայմանավորված է մեծամասամբ մշակող արդյունաբերության ծավալների 24% անկմամբ, ինչի արդյունքում մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալները 2024թ․ նոյեմբերին հաստատվել են ֏ 204 մլրդ մակարդակում։
Հետաքրքիր է ուսումնասիրել մշակող արդյունաբերության թոփ 5 ճյուղերը, որտեղ արձանագրվել են արդյունաբերական արտադրանքի ծավալների ամենամեծ անկումները և աճերը 2024թ․ նոյեմբերին 2023թ․ նոյեմբերի համեմատ․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2024թ․ նոյեմբերին 2023թ․ նոյեմբերի համեմատ ամենամեծ անկումը՝ շուրջ 81%-ով, արձանագրվել է ոսկերչական արտադրատեսակների արտադրությունում, որի ծավալները հաստատվել են ֏2 մլրդ մակարդակում։
70%-ով անկում է արձանագրվել հիմնական մետաղների արտադրության ծավալներում։
Մոտ 28%-ով կրճատվել են ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրության ծավալներում և մեքենաների և սարքավորանքի նորոգում և տեղադրում ոլորտում։ 20% անկում է արձանագրվել կահույքի արտադրության ծավալներում։
Մյուս կողմից, ունենք մշակող արդյունաբերության ոլորտներ, որտեղ արձանագրվել են առավելագույն աճեր։ Այսպես, 2024թ․ նոյեմբերին 2023թ․ նոյեմբերի համեմատ զգալի աճեր են արձանագրվել մշակող ադյունաբերության հետևյալ ոլորտներում․
- ավտոմեքենաների թափքերի, կցանքների և կիսակցանքների արտադրության ծավալներ՝ 5․4 անգամ,
- ավտոմեքենաների և դրանց շարժիչների համար այլ մասերի և պարագաների արտադրության ծավալներ՝ 2 անգամ,
- համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրության ծավալներ՝ 3․3 անգամ։
Աճեր են արձանագրվել նաև․
- էլեկտրական սարքավորանքի արտադրության ծավալներում՝ 60%-ով,
- դեղագործական արտադրանքի արտադրության ծավալներում՝ 41%-ով։
Ամփոփելով` փաստենք, որ մշակող արդյունաբերության տարբեր ոլորտներում արձանագրված աճերը, այնուամենայինիվ, չեն կարողացել ապահովել մշակող արդյունաբերության արտադրության ծավալների աճ 2024թ․ նոյեմբերին 2023թ․ նոյեմբերի համեմատ։
Անշուշտ, մեկ ամսվա արդյունքներով չի կարելի եզրակացություն անել ամբողջ տարվա արդյունքների մասին։ Սակայն, նոյեմբեր ամսվա անկումների շարունակականության պահպանումը կարող է խոչընդոտել տնտեսության ընտացքին արդեն 2025թ․։
Մյուս կողմից, նոյեմբերին աճեր ենք նկատում բարձր տեխնոլոգիական ոլորտում, որը կարևոր պայման է արդյունաբերության կառուցվածքի փոփոխության տեսանկյունից։
Այնուամենայնիվ, արձանագրված անկումներն իրենց հետևանքները կթողնեն նաև հարակից ոլորտներում։ Իսկ նվազող ցուցանիշների պահպանման դեպքում ներկայիս հարկային խիստ քաղաքականությունը խիստ կասկածելի արդյունքների կարող է հանգեցնել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում