ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Բելառուսի Հանրապետությունում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի (КСРНС СНГ) 29-րդ ամենամյա նիստին: ՊԵԿ պատվիրակությունը ղեկավարել է ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։ Տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ադրբեջանի հարկային մարմինների բարձրաստիճան պատվիրակություններ, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ և Ուզբեկստանի հարկային մարմնից հրավիրված դիտորդներ։
Նշենք, որ արդեն 29-ը տարի է համակարգող խորհուրդը հարկային ժամանակակից օրակարգի կարևոր հարցերի շուրջ ապահովում է ակտիվ երկխոսություն՝ ԱՊՀ տարածաշրջանի երկրների հարկային մարմինների միջև: Այս տարվա նիստի գլխավոր թեման էր՝ «Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացումը․ ինտերակտիվ ծառայությունների զարգացումը՝ հետադարձ կապի և օգտվողների փորձի հետազոտման հիման վրա»։ Նիստի ընթացքում մասնակիցները հանդես են եկել նշված ուղղություններով իրենց երկրներում իրականացվող աշխատանքների մասին զեկույցներով և շնորհանդեսներով։ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը ներկայացրել է Հայաստանում վերջին տարիների ընթացքում հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքները, արձանագրված ձեռքբերումները և ապագա ծրագրերը։
Նիստի ընթացքում մասնակիցները քննարկել են նաև համակարգող խորհրդի միջնաժամկետ և տարեկան գործունեության արդյունքները, ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը, խորհրդի առաջիկա անելիքները, ինչպես նաև ընդունել են մի շարք կազմակերպչական և ծրագրային որոշումներ։ Հաջորդ տարվա նիստի համար որպես գլխավոր թեմաներ ընտրվել են «Կադրային ներուժի զարգացումը» և «Հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման համար տեխնոլոգիական (թվային) որոշումների և տվյալների մեծ զանգվածի վերլուծության մեթոդների կիրառումը»:
Նիստի ընթացքում որոշվել է ԱՊՀ մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի հաջորդ՝ 30-րդ հոբելանական նիստն անցկացնել 2023թ. երկրորդ կիսամյակում՝ Ղազախստանի Հանրապետությունում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում