Հայաստանի տնտեսությունը մուտք է գործում 2025թ․՝ շարունակելով իր վրա կրել 2024թ․ ազդեցությունը։ Վերջինիս արդյունքներով՝ հասկանալի է դառնում, որ 2025թ․ հանրությունը մտնում է հարկային բեռի նոր ժամանակաշրջան։ Այս ամենով հանդերձ` որևէ կերպ չի նվազել նաև մեր հայրենակիցների վարկային ծանրաբեռնվածությունը, ինչն է՛լ ավելի կբարդացնի իրավիճակը վարկերի մարման առումով։
ԱրարատԲանկ․ հոգատարություն հայրենիքի պաշտպաններին
Այս համատեքստում ՀՀ ԿԲ-ն հրապարակել է տեղեկատվություն 2024թ․ դեկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ բանկերից և վարկային կազմակերպություններից վարկեր ստացած ռեզիդենտ ֆիզիկական անձանց (այդ թվում անհատ ձեռնարկատերերի) քանակների վերաբերյալ․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ վարկառու ֆիզիկական անձանց թվաքանակը 2024թ․ վերջի դրությամբ կազմել է շուրջ 878,667 անձ։ Վերջիններիս մեջ կանանց մասնաբաժինը կազմել է 51%, իսկ տղամարդկանց մասնաբաժինը՝ 49%։
Նկատենք, որ սպառողական և այլ վարկեր ունեցող վարկառու ֆիզիկական անձանց թվաքանակը 2024թ․ վերջի դրությամբ կազմել է 856,739 անձ։ Վերջինիս պարագայում կանանց մասնաբաժինը կազմում է 51%, իսկ տղամարդկանցը՝ 49%։
Հիփոթեքային վարկեր ունեցող ֆիզիկական անձանց թվաքանակը 2024թ․ վերջի դրությամբ կազմում է 77,211 անձ։ Վերջինիս 34%-ը պատկանում է կանանց, իսկ 66%-ը՝ տղամարդկանց։
- Հաշվի առնելով այն փաստը, որ 2024թ․ սկզբին ՀՀ-ում աշխատունակ տարիքի և աշխատունակ տարիքից բարձր բնակչության թվաքանակը կազմում էր 2,386,200 մարդ և, ենթադրելով, որ այս թվաքանակը 2024թ․ վերջում էական փոփոխության չի ենթարկվի, ստացվում է, որ ընդամենը վարկառու ֆիզիկական անձանց մասնաբաժինը վերոնշյալ բնակչության թվաքանակում կազմում է շուրջ 37%։ Վերջինս բավականին մոտավոր պատկերն է արտահայտում, սակայն նույնիսկ այս թիվը ցույց է տալիս ինչպիսի իրավիճակ է վարկերով ծանրաբեռնվածության տեսանկյունից հանրապետությունում։