Իլոն Մասկին դատի են տվել շուկայի մանիպուլացման համար

1 Min Read

SpaceX-ի հիմնադիր և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկին մեղադրել են Twitter-ի բաժնետոմսերի գները մանիպուլացնելու մեջ։ Այդ պատճառով նրան դատի է տվել Twitter-ի ներդրող Ջուզեպպե Պամպենան, հայտնում է Bloomberg-ը։

Հայցվորը հայտարարել է, որ հոկտեմբերի սկզբին Twitter-ի ձեռքբերման գործարքը վերսկսելու համաձայնությամբ Մասկն «ըստ էության խոստովանել է, որ ամբողջ ընթացքում բլեֆ է արել», երբ խոսել է գործարքի դադարեցման մասին: Twitter-ի դեմ գործարարի մեղադրանքները տապալել են ընկերության բաժնետոմսերը, ինչը վնաս է հասցրել ներդրողներին և միևնույն ժամանակ բարելավել Մասկի դիրքերը բանակցությունների ընթացքում։

Ներդրողը համոզված է, որ այդ կերպ միլիարդատերը ցանկացել է ստեղծել լծակներ, որոնցով կարող է կա՛մ դուրս գալ գործարքից, կա՛մ վերանայել գործարքի շուկայական գինը 25 %-ով, այսինքն՝ նվազեցնել 11 մլրդ դոլարով։

Հիշեցնենք, Մասկը Twitter ընկերության ձեռք բերման մասին համաձայնագիր կնքել էր ընթացիկ տարվա ապրիլի 25-ին: Գործարքի արժեքը գնահատվում էր 44 մլրդ դոլար։ Այն պետք է փակվեր մինչև տարեվերջ, սակայն հուլիսի 9-ին գործարարը հրաժարվել էր գործարքից։ Իսկ արդեն հոկտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ միլիարդատերը կրկին սոցիալական ցանցը գնելու ցանկություն է հայտնել։ Նա Twitter-ին առաջարկել է վերսկսել գործարքը՝ մեկ բաժնետոմսի դիմաց 54,2 դոլար սկզբնական արժեքով:

Կիսվեք այս հոդվածով