Համաշխարհային տնտեսության բաժանումը Մեծ յոթնյակի և ԲՐԻԿՍ-ի միջև. Կանխատեսումներ 2025. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Տնտեսությունում ճիշտ քաղաքականություն իրականացնելու համար առաջին հերթին պետք է հասկանալ, թե ովքեր են տնտեսության հիմնական մասնակիցները, որոնց գործողություններով է պայմանավորված մյուսների վարքագիծը։ Այս առումով ժամանակակից աշխարհում ձևավորվել են երկու հիմնական բևեռներ կամ ծանրության կենտրոններ։

Առաջինը Մեծ յոթնյակի կամ G7 երկրներն են։ Նկատենք, որ տարիներ շարունակ աշխարհում գործում էր Մեծ ութնյակ կամ G8 ֆորմատը, որի անդամ էր նաև Ռուսաստանը։ Սակայն, թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը կորցրին փոխադարձ շահավետ համագործակցության հնարավորությունը։

Աշխարհի երկրորդ կենտրոնը BRICS միությունն է, որի հիմնադիր երկրներն են Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան և ՀԱՀ-ն։

BRICS-ի հետ գործընկերության մեջ են ևս մի շարք երկրներ, որոնք ապագայում ևս կարող են դառնալ կառույցի լիիրավ անդամներ։ Այսպիսով, G7-ը Հավաքական Արևմուտքի և ԲՐԻԿՍ-ը  հավաքական Արևելքի գլխավորությամբ թելադրում են մյուս բոլոր շրջանակներին Համաշխարհային տնտեսության հիմնական վեկտորները։

Մտահոգիչ է, սակայն, որ ներկայումս այս երկու միությունների հակազդող մրցակցությունը կարող է անվերջ տևել՝ պատճառելով մեծ վնասներ հենց համաշխարհային տնտեսությանը, սակայն հնարավոր է նաև համագործակցության տարբերակ, որի պարագայում համաշխարհային տնտեսությունը կունենա  համագործակցող երկու հզոր կենտրոն՝ հենված ընդհանուր՝ համամարդկային շահերի պաշտպանության վրա։

Սակայն, դեռևս այս ընկալման մասին նույնիսկ շատ վաղ է խոսել։ Իսկ ներկայումս  Համաշխարհային տնտեսությունը, որի ՀՆԱ-ի ծավալները, ըստ կանխատեսումների, 2025թ․ կհաստատվեն $116 տրլն մակարդակում, բաժանված է G7-ի, BRICS-ի և աշխարհի մյուս երկրների միջև հետևյալ կերպ․

Հաշվարկները ցույց են տալիս, որ 2025թ․ համաշխարհային տնտեսության շուրջ 45%-ը կպատկանի G7 երկրների խմբին։ ԲՐԻԿՍ-ին և ԲՐԻԿՍ -ի գործընկեր երկրների խմբին կպատկանի համաշխարհային տնտեսության 29%-ը՝ համապատասխանաբար 27% և 2% մասնաբաժիններով։

Մնացած պետություններին` միասին վերցրած, կպատականի համաշխարհային տնտեսության 26%-ը։ 

Ամփոփելով` կարող ենք եզրահանգել, որ 2025թ․ դեռևս աշխարհում կպահպանեն իրենց դիրքերը Գլոբալ Արևմուտքի երկրները։ Արևմուտքը կփորձի այս կատաղի պայքարում իր կողմը տանել աշխարհի մյուս երկրներին փորձելով՝ պահպանել կամ փոխել տնտեսությունում ներկայումս ձևավորված ուժերի հարաբերակցությունը։

Նույն կերպ կփորձեն վարվել Գլոբալ Արևելքի երկրները։ Ի դեպ, 2025-ին Ինդոնեզիան արդեն իսկ միացել է BRICS-ին որպես միության 10-րդ լիիրավ անդամ։

Հուսանք, որ այս պայքարը չի հանգեցնի գլոբալ աղետների և, ի վերջո, աշխարհում կզարգանա փոխադարձ համագործակցության մթնոլորտը՝ լուծելու համար մարդկանց առջև ծառացած է՛լ ավելի կարևոր և հրատապ հիմնախնդիրներ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով