Հայաստանում հունվարի 28-ին տոնում ենք ՀՀ զինված ուժերի մասնագիտական տոնը։ Վերջինս նվիրված է հերոսական Հայոց բանակին, որը մշտապես պաշտպանել է Հայաստանի և Արցախի սահմանները։ Չնայած վերջին տարիների իրադարձություններին` հայ ժողովուրդը շարունակում է վստահել և ապավինել Հայաստանի զինված ուժերին։
21-րդ դարում պատերազմները ոչ միայն բարձր մարտունակություն, այլև բարձր տեխնոլոգիական լուծումներով ռազմավարություն են պահանջում։ Այս համատեքստում իր բանակն է փորձում արդիականացնել նաև Հայաստանը։
ՀՀ պետբյուջեից հսկայական միջոցներ են հատկացվում ՀՀ պաշտպանության նախարարությանը։ Մասնավորապես, 2025թ․ բյուջեում ՀՀ ՊՆ-ին հատկացվել է ամբողջ ծախսերի շուրջ 19%-ը կամ մոտ ֏ 665 մլրդ։ Հիշեցնենք, որ ՊՆ-ի ծախսերը 2024թ․ կազմում էր բյուջեի մոտ 17%-ը կամ մոտ ֏554 մլրդ։
Այսինքն, կարելի է փաստել, որ 2025թ․ բյուջեում ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների ծավալները 2024թ․ բյուջեի համեմատ աճել են շուրջ 20%-ով։
Ներկայացնենք, թե Պաշտպանության նախարարությունը կոնկրետ ինչի՞ վրա է ծախսելու այս գումարները․
ՀՀ ֆինանսների նախարարության կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ շուրջ ֏661 մլրդ կամ 2025թ․ հատկացված միջոցների 99․44%-ը ՀՀ պաշտպանության նախարարությունն ուղղելու է ՀՀ պաշտպանության ապահովմանը։ Վերջինիս մեջ ներառված են այնպիսի ծախսեր, ինչպիսիք են ռազմական կարիքների ապահովումը, ՀՀ օդանավակայաններում ՌԴ զորամիավորումների օդանավերի սպասարկման ծառայությունները, ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավումը և ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ կարիքների բավարարումը։
Պաշտպանության նախարարության որոշմամբ 2025թ․ ֏1․4 մլրդ կհատկացվի ռազմաբժշկական սպասարկմանն ու առողջապահական ծառայություններին։ ՀՀ պաշտպանության նախարարության բյուջեից մոտ ֏1․1 մլրդ-ը հատկացվելու է ռազմական ուսուցմանն ու վերապատրաստմանը։
֏932 մլն կհատկացվի «միջազգային ռազմական համագործակցությանը»։ Վերջինիս մեջ ներառված է ՀՀ պաշտպանության հետ «հզոր կապ» ունեցող միակ ծախսային հոդվածը՝ ՀՀ ռազմական կցորդների և ներկայացուցիչների պահպանումը արտերկրում։ Եվ, վերջապես, հումանիտար ականազերծման և փորձագիտական ծառայություններին 2025թ․ բյուջեով հատկացվելու է մոտ ֏321 մլն։
Անշուշտ, հասկանալի է, որ կլինեն ռազմական ոլորտի ծախսեր, որոնք փակված են կամ գրված լրիվ այլ հոդվածների անվանումներով։ Այդուհանդերձ, պետք է հանրությունն էլ գոնե որոշակիորեն իրազեկված լինի, որ ՊՆ-ին հատկացված այդ հսկայական գումարները ինչ-որ կերպ կապ են ունենալու երկրի սպառազինության և պաշտպանության հետ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում