Intel-ը նախատեսում է անձնակազմի թվաքանակի զգալի կրճատում անել: Դա անհրաժեշտ է ծախսերը նվազեցնելու համար, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Զանգվածային կրճատումների մասին կհայտարարվի այս ամիս։ Ընկերությունը ծրագրում է դա անել մոտավորապես այն ժամանակ, երբ կհրապարակվի երրորդ եռամսյակի եկամուտների հաշվետվությունը՝ հոկտեմբերի 27-ին, գրում է թերթը։ Նշենք, որ հուլիսի դրությամբ չիպեր արտադրող ընկերությունն ուներ 113 700 աշխատակից։
Intel-ը բախվում է ԱՀ պրոցեսորների պահանջարկի կտրուկ անկման։ Հուլիսին ընկերությունը նախազգուշացրել էր, որ 2022 թվականի վաճառքը նախատեսվածից մոտ 11 միլիարդ դոլարով ցածր կլինի: Վերլուծաբանները կանխատեսում են, որ երրորդ եռամսյակի եկամուտները կնվազեն մոտ 15 %-ով:
Intel-ում վերջին զանգվածային կրճատումները տեղի են ունեցել 2016 թվականին. կրճատվել է մոտ 12 000 աշխատակից։ Ինչպես տեխնոլոգիական արդյունաբերության շատ ընկերություններ, Intel-ն այս տարվա սկզբին դադարեցրել է նոր աշխատակիցների ընդունումը, քանի որ շուկայի պայմանները վատթարացել են և անկման վախը ուժեղացել: Այնուամենայնիվ, ընկերությունն այս տարի ակտիվորեն լոբբինգ է իրականացրել 52 միլիարդ դոլարի չիպերի արտադրության խթանման համար՝ խոստանալով ընդլայնել իր արտադրությունը ԱՄՆ-ում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում