Բարեփոխում չեմ համարի, քանի դեռ երևանցիները Ա կետից Բ կետը մի կերպ կանգնած են հասնում․ Իզաբելլա Աբգարյան

4 Min Read

Տրանսպորտի թանկացումը քաղաքացիների շրջանում բուռն արձանաքի է արժանացել ու բազմաթիվ հարցեր առաջացրել տարբեր շրջանակների մոտ։ Մինչ Երևանի քաղաքապետարանը պնդում է, որ առանց թանկացման հնարավոր չէ սպասարկել երթուղիները, փորձագիտական շրջանակներում հակառակն են պնդում։

Տրանսպորտի թանկացման ու ոլորտում առկա խնդիրների մասին Banksnews.am-ը զրուցել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի հետ։

Դուք բազմիցս հանդես եք եկել տրանսպորտի թանկացման ու ներկայացված փաթեթի դեմ ելույթներով ու կոշտ քննադատությամբ։ Ձեր կարծիքով՝ Երևանում տրանսպորտն առհասարակ պե՞տք է թանկանա, թե՞ ոչ։ Խնդիրն առաջարկված փաթե՞թն է, թե՞ առհասարակ թանկացման կարիք չեք տեսնում։

— Առանց ելակետային հաշվարկների, օդից վերցված գներով առաջարկվող փաթեթներն անհիմն են և հաշվի չի առնվել ամենակարևոր գործոնը` ծառայության շահառուն, նրա սպառողական վարքագիծը, եկամտային սեգմենտը։ Պե՞տք է տրանսպորտը թանկանա, թե ոչ՝ կարող ենք սկսել հաշվարկել այն ժամանակ, երբ Երևանը կունենա WYG-ի կողմից հաշվարկված ամբողջական ցանցը։ Այս պահի դրությամբ նման քայլի գնալ չի կարելի։

Քաղաքային իշխանությունները բազմիցս խոսել են քաղաքի բեռնաթափման անհրաժեշտության մասին, ի՞նչ եք կարծում՝ տրանսպորտի թանկացման դեպքում հնարավո՞ր է Երևանում մեքենաների քանակն էլ ավելի շատանա ու այս հարցում ևս խնդիրներ ունենանք։

— Քաղաքակիրթ աշխարհում, երբ որոշում են քաղաքը բեռնաթափել մեքենաներից, հանրային տրանսպորտն ավելի հրապուրիչ և ձեռնտու են դարձնում։ Մեզ մոտ արվում է հակառակը, իսկ դա կարող է բերել մեքենաների աճի։

Տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ալիքին ի պատասխան` Երևանի քաղաքապետարանը որոշակի փոփոխություններ արեց ներկայացված փաթեթներում։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ են այս փոփոխությունները շտկում իրավիճակը։   

— Վերջին փոփոխություններն ընդհանրապես չեն շտկում փաթեթների առաջացրած խնդիրները և ծաղրի են նման։

Ինչպե՞ս եք գնահատում Երևանում տրանսպորտային բարեփոխումները։ Ըստ Ձեզ՝ դրանք որքանո՞վ են բավարար։

— Տրանսպորտային համակարգի փոփոխությունները բարեփոխում չեմ համարում և չեմ համարի այնքան ժամանակ, քանի դեռ երևանցիները Ա կետից Բ կետը խնդիրներով, սպասելով, մի կերպ կանգնած են հասնում, իսկ վճարային համակարգը ավելի շատ խնդիրներ է առաջացնում, քան հեշտացնում այդ գործընթացը։

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից ուժի մեջ կգտնի Երևանի տրանսպորտի միասնական տոմսային համակարգի սպասարկումը, ինչի հետևանքով կգործեն տրանսպորտի նոր սակագները։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը օրերս իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ուշադիր ուսումնասիրել է վերջին շրջանում միասնական տոմսային փաթեթների նոր սակագների վերաբերյալ երևանցիների արձագանքներն ու առաջարկությունները։

Նա հայտարարել է, որ առաջիկա ավագանու նիստում կքննարկեն տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը։

«Այսպիսով, փետրվարի 11-ի Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ առաջարկելու ենք հետևյալ փոփոխությունները՝

▫️10 ուղևորություն – 2000 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 45 օր, ներկայիս 2200 ՀՀ դրամի և 30 օրվա փոխարեն։

▫️300 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 180 րոպե, ներկայիս 90 րոպեի փոխարեն։

▫️1 օր – 900 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորություններ, ներկայիս 8 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։

▫️7 օր – 5000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, ներկայիս 30 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։

Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքացիական անհնազանդության կոչ է արել քաղաքացիներին։ Մարությանը հորդորում է տրանսպորտին չվճարել 100 դրամից ավելի։

Հիշեցնենք նաև, որ 2013 թվականին Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք փորձ արվեց թանկացնել տրանսպորը՝ 100 դրամից դարձնելով 150 դրամ, ինչից հետո քաղաքացիական անհնազանդության ակցիաներ սկսվեցին։ Ի վերջո, այն ժամանակվա քաղաքային իշխանությունները տեղի տվեցին։

Քաղաքացիական անհնազանդության ակտիվ մասնակիցներից էր նաև Հայկ Մարությանը, ինչպես նաև այժմ իշխանական թևում գտնվող մի շարք  պաշտոնյաներ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով