Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը բնակարան է նվեր ստացել և ձեռք է բերել ևս մեկ հողամաս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 2023 թվականին բնակարան է նվեր ստացել, բացի այդ՝ շուրջ 8 մլն դրամով հողամաս է գնել Կոտայքի մարզում։ Այս մասին Banksnews.amը տեղեկանում է նրա ներկայացրած հայտարարագրից։

Նորանշանակ նախարարը 5 անշարժ գույք ունի` 3-ը` համատեղ սեփականության, երկուսը՝ միանձնյա։ 2 հողամասերից մեկը գտնվում է Դիլիջանում, մյուսը՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքում, 2 բնակարաններից մեկը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում է, մյուս բնակելի տունը` Դիլիջանում։

Գալյանը 2023թ. ընթացքում շուրջ 30,6 մլն դրամ եկամուտ է ստացել․ 992 հազար դրամ՝ Արդարադատության ակադեմիայից, 28,4 մլն դրամ՝ Դատախազությունից, 833 հազար դրամ` ՊԵԿ-ից` որպես այլ եկամուտ, 294 հազար դրամ՝ Երևանի պետական համալսարանից և 400 դոլար՝ միջազգային կազմակերպություններից մեկից (The Raoul Wallenberg Institute of Human Rights and Humanitarian Law (RWI)։

Սրբուհի Գալյանը տարեվերջին շուրջ 6 մլն դրամ ավանդ է ունեցել բանկում, 2,8 մլն դրամ էլ փոխառություն է տվել «Ադրեսս» ՍՊԸ-ին, իսկ որպես կանխիկ դրամական միջոցներ հայտարարագրել է շուրջ 1,6 մլն դրամ և 4000 դոլար։

Արդարադատության նախարարը 2 վարկ ունի՝ շուրջ 34,527,84 դրամ մնացորդով, որի 33 մլն դրամը հիփոթեքային վարկ է։ Նա տարվա ընթացքում վարկերի մարմանն ուղղել է շուրջ 5,6 մլն դրամ։

Գալյանը 2023թ. ընթացքում 10 մլն դրամ է ծախսել բնակարանի վերանորոգման համար։

Հիշեցնենք, որ Սրբուհի Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարար 2024 թվականի նոյեմբերին։

Մինչ այս, 32-ամյա Գալյանը գլխավոր դատախազի տեղակալ էր: Պաշտոնի առաջխաղացումը սկսվել է ներկայիս  իշխանությունների օրոք. 2019-ին նա  նշանակվել է Արդարադատության փոխնախարար, պաշտոնավարել է մեկ տարի, ապա տեղափոխվել Գլխավոր դատախազություն։ Իսկ մինչ այդ էլ՝ դեռ 2015 թվականից, Քննչական ծառայությունում է աշխատել:

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով