Պոպուլիստական քայլ է, չկան հաշվարկներ․ տնտեսագետը՝ աշխատաժամանակը կրճատելու առաջարկի մասին

4 Min Read

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով 7 ժամ օրական 8-ի փոխարեն, շաբաթական 35 ժամ, 40-ի փոխարեն՝ պահպանելով աշխատավարձը։

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ըստ տնտեսագիտական հետազոտությունների, աշխատանքային ժամերի կրճատումը կարող է բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը՝ աշխատողների ավելի արդյունավետ աշխատանքի միջոցով։ Ե՛վ միջազգային փորձը, և՛ առանձին հետազոտությունները ցույց են տալիս, որ շաբաթական աշխատաժամանակի կրճատումը բացասաբար չի ազդում տնտեսության վրա։

Նախագծի վերաբերյալ Banksnews.am-ը զրուցել է տնտեսագետ, Tvyal.com կայքի հիմնադիր Աղասի Թավադյանի հետ։

Ինչպե՞ս եք գնահատում առաջարկվող փոփոխությունները, և ինչպիսի՞ն կլինի դրանց ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա, եթե նախագիծն ընդունվի։ 

— Առաջինը խոսենք խնդիրների մասին։ Տեսեք, նշվում է, որ այն դրական կանդրադառնա տնտեսության վրա, նաև որոշ պետություների փորձ է բերվում որպես օրինակ, բայց հստակ հաշվարկներ չկան այդ ամենի ներքո, հստակ ներկայացված չեն ակնկալվող արդյունքները, պարզապես պոպուլիստական որոշակի հայտարարության տեքստով է այս ամենը ներկայացված։ Խնդիրը նաև այն է, որ հաշվարկված չէ ոչ նորմավորված աշխատաժամանակով աշխատողների հարցը։ Ո՞նց է սա անդրադառնալու նրանց վրա։ Այսինքն, մարդիկ կան, որոնք 24 ժամ աշխատում են, 2 օր՝ հանգստանում, մարդիկ կան, որ այլ գրաֆիկներով են աշխատում։ Այս պարագայում նրանց վրա ո՞նց է անդրադառնալու։

Ինչպիսի՞ն կլինի ազդեցությունը տնտեսվարողների վրա։

Խնդիրներ կան նաև տնտեսվարողների տեսանկյունից, որովհետև, ճիշտ է, ասում են, որ 7 ժամ աշխատանքային գրաֆիկը ներկա պայմաներում օգտակար կարող է լինել, սակայն, շատ մասնագիտություններ կան, որտեղ ֆիզիկական ներկայությունը պարտադիր է։ Օրինակ՝ բժիշկների դեպքում, ավտոբուսների վարորդների դեպքում, սուպերմարկետների աշխատողների դեպքում և այլն։ Այս պարագայում ենթադրենք՝ բժիշկը հերթապահություն ունի 3 հատ 8 ժամ, 7 ժամի պարագայում օրվա ընթացքում վերջի 3 ժամը ո՞նց է կարգավորվելու։ Կամ օրինակ, խանութում աշխատում են հերթափոխով 24 ժամ՝ 6 աշխատող,  յուրաքանչյուր 8 ժամը մեկ 2 աշխատող են աշխատում, հիմա այս պարագայում եթե 7 ժամ լինի, ստիպված նոր աշխատող պիտի ընդունի ձեռնարկատերը, այսինքն այստեղ որոշակի խնդիրներ են առաջանում։

Նախագծի մեջ ներկայացվում էր, որպես հիմնավորում տեխնոլոգիական զարգացումը, այսինքն՝ կարծես թե ուզում են ասել, որ տեխնոլոգիաները զարգացել են, մարդիկ կարող են նույն քանակի արտադրանք տալ ավելի քիչ ժամանակահատվածում։ Դուք Հայաստանում նման զարգացում տեսնու՞մ եք։

— Դա կարող է լինել որոշ աշխատանքների դեպքում, օրինակ՝ ՏՏ ոլորտում, բայց սա չի կարելի տարածել բոլոր տեսակի աշխատատեղերի վրա, որովհետև ինչպես նշեցի, աշխատատեղեր կան, որոնց համար պարտադիր է ֆիզիկական ներկայությունը և ժամանակահատվածը։ Այսպես, թե այնպես, ինչքան էլ խոսենք զարգացումների մասին, աշխատողների ֆիզիկական ներկայությունը պարտադիր է։ Սա այն ոլորտն է որտեղ գործատուն պիտի որոշի` որ աշխատողի հետ ի՞նչ հաստիքով, ի՞նչ հաստիքացուցակով աշխատի, որովհետև աշխատանք կա, որի դեպքում աշխատողը պետք է ֆիզիկապես ներկա լինի։

Նախագծի հիմնավորման մեջ նաև նշվում է, որ դրա ընդունումը դրական կանդրադառնա մարդու առողջության, ինչպես նաև ընտանեկան հարաբերությունների վրա, քանի որ աշխատողները կկարողանան աշխատանքից հետո ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների հետ։ Այս տեսանկյունից սա չե՞նք կարող համարել դրական փոփոխությունների առաջարկ։

— Ձևակերպումները գեղեցիկ են, բայց, նորից եմ կրկնում, չկա որևէ հաշվարկ։ Սա զուտ պոպուլիստական քայլ է։ Հստակ չեն հաշվարկվում իրական տնտեսությունը, իրական գործատուների կարիքները և շահերը, զուտ ստեղծվել է գալիք ընտրությունների համար, որոշակի նախընտրական միավորներ կորզելու համար և որոշակի հարցեր և խնդիրներ է առաջացնում։

Կիսվեք այս հոդվածով