Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, Հայաստանի տնտեսությունում 2024թ․ նոյեմբերին 2023թ նոյեմբերի համեմատ անկումներ են նկատվում։ Առաջին հերթին կտրուկ անկում է դիտվել ՀՀ արտահանման ծավալներում։
Այսպես, 2024թ․ նոյեմբերին ՀՀ արտահանման ծավալները կազմել են $752 մլն` 2023թ․ նույն ամսվա համեմատ նվազելով 35%-ով, իսկ 2024թ․ հոկտեմբերի համեմատ՝ մոտ 20%-ով։ Հայաստանի համար արտահանման ծավալների նույնիսկ չնչին անկումն արդեն իսկ ահազանգ է։
Մյուս կողմից, ՀՀ արտահանման ծավալներում մեկ այլ միտում է նկատվում, որը նպատակահարմար է դիտարկել արդեն 2024թ․ հունվար-նոյեմբեր կտրվածքով․
Ինչպես նկատում ենք գծապատկերում, 2024թ․ հունվար-նոյեմբերին 2023թ հունվար-նոյեմբերի համեմատ ՀՀ արտահանման ծավալներում, որը կազմել է մոտ $12 մլրդ, տեղի են ունեցել կառուցվածքային կտրուկ փոփոխություններ։ Մասնավորապես, այն պարագայում, երբ դեռևս 2023թ․ հունվար-նոյեմբերին ՀՀ արտահանման ծավալների շուրջ 49%-ը պատկանում էր ԵԱՏՄ-ին, ապա 2024թ․ հունվար-նոյեմբերին ԵԱՏՄ մասնաբաժինը հաստատվել է մոտ 25% մակարդակում։ Հավելենք, որ թե՛ ԵԱՏՄ-ում, թե՛ ԱՊՀ-ում ՀՀ հիմնական առևտրային գործընկերը Ռուսաստանն է։
Հետաքրքիրը նա է, որ ՀՀ արտահանման ծավալներում անկում է նկատվում նաև Եվրամիության մասով, որի դերակատարումն այնքան էլ մեծ չէ իրականում։ Մասնավորապես, 2024թ․ հունվար-նոյեմբերին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ ԵՄ մասնաբաժինը ՀՀ արտահանման ծավալներում կրճատվել է մոտ 5 տոկոսային կետով՝ հաստատվելով 4․5% մակարդակում։
Մյուս կողմից, ՀՀ արտաքին առևտրում զգալի մասնաբաժին ունեն այլ երկրները, որոնք 2024թ․ հունվար-նոյեմբերին ՀՀ արտահանման ծավալներում արձանագրել են 69․8% մասնաբաժին, ինչը 2023թ․ հունվար-նոյեմբերի համեմատ աճել է մոտ 29 տոկոսային կետով։
Հարված՝ փոքր բիզնեսին․ ըստ տնտեսագետի՝ հարկերի ավելացումը կբերի թանկացման
Ամփոփելով՝ փաստենք, որ իշխանությունների վերջին որոշումների համատեքստում Հայաստանն է՛լ ավելի է հեռացել ԱՊՀ-ից և, մասնավորապես, ԵԱՏՄ-ից՝ արձանագրելով, որ 2024թ․ հունվար-նոյեմբերին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ տեղի է ունեցել այդ կառույցների ՀՀ արտահանման կառուցվածքում ունեցած մասնաբաժնի կտրուկ կրճատում։ Մյուս կողմից, կրճատվել է նաև ԵՄ մասնաբաժինը, որն այնքան էլ մեծ չէր ՀՀ արտահանման ծավալներում։ Այս ամենով հանդերձ` Հայաստանն ընդլայնել է իր արտահանման հնարավորություններն այլ երկրների հետ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում