Ռուսաստան-ԵՄ հակամարտությունը շարունակվում է նախկին Խորհրդային Միության գրեթե բոլոր երկրներում։ ԵՄ քաղաքականության գլոբալ նպատակներից է թույլ չտալ նախկին Խորհրդային Միության վերականգնումը։
Այս հակամարտության արդյունքում տուժում են ԱՊՀ պետությունները և նրանց բնակչությունը։ Մասնավորապես, խնդիրներ ունեցավ Վրաստանը, որը կորցրեց իր տարածքների զգալի մասը, եղբայրական պետությունների միջև արյունալի պատերազմ սկսվեց և դեռ ընթանում է, անհանգիստ է վիճակը Մոլդովայում, իսկ Հայաստանը կորցրեց Արցախը։ Բոլոր թվարկված երկրները զոհ են դարձել իրենց վարած արտաքին քաղաքականության պատճառով։ Հայաստանի հեղափոխական իշխանությունը խորացնում է Արևմուտքի հետ մերձեցման քաղաքականությունը՝ վստահեցնելով, որ Հայաստանը ամենևին չի դադարեցնում Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունը։
Չնայած այս հանգամանքին՝ չեն դադարում ռուս-հայկական դեռևս հեռահար փոխադարձ մեղադրանքները, զգուշացումներն ու արհամարհական ակնարկները։
Կտրուկ շրջադարձ դեպի Եվրամիություն. Որո՞նք են ՀՀ հիմնական առևտրային գործընկեր-երկրները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սակայն, ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, Ռուսաստանը՝ ըստ այդմ ԵԱՏՄ-ն, դեռևս զգալի դերակատարում ունեն առաջին հերթին ՀՀ տնտեսությունում։ Չնայած այս հանգամանքին՝ պակաս արդյունքներ չի գրանցում նաև ԵՄ-ն։ Օրինակ, ԵԱՏՄ և ԵՄ մասնաբաժինները ՀՀ իրական և ֆինանսական հատվածներում իրականացված ներդրումների մաքուր պաշարների ընդհանուր ծավալներում 2024թ․ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի վերջում արձանագրել է հետևյալ արդյունքները․
Պարզվում է՝ ՀՀ իրական հատվածում իրականացված ներդրումների մաքուր պաշարների ընդհանուր ծավալներում ԵԱՏՄ մասնաբաժինը կազմել է 30%: Այստեղ բացարձակ առավելություն ունի Ռուսաստանը։
ԵՄ ներդրումների մասնաբաժինը ՀՀ իրական հատվածում կատարված ներդրումների մաքուր պաշարների ընդհանուր ծավալներում կազմել է 26%։
ԵՄ երկրներից ակտիվ են Կիպրոսը, Ֆրանսիան և Լյուքսեմբուրգը։ Սակայն, արձանագրենք այն փաստը, որ միայն ՌԴ-ին պատկանում է իրական հատվածում կատարված ներդրումների ընդհանուր ծավալների մոտ 29%-ը, իսկ Կիպրոսին, Ֆրանսիային և Լյուքսեմբուրգին միասին վերցրած՝ մոտ 19%-ը։
Հակառակ իրական հատվածում ունեցած դերակատարմանը՝ Ռուսաստանի (ըստ այդմ՝ ԵԱՏՄ) ներդրումների ծավալների մասնաբաժինը ՀՀ ֆինանսական հատվածում իրականացված ներդրումների մաքուր պաշարների ընդհանուր ծավալներում կազմում է ընդամենը 3%։
ԵՄ մասնաբաժինը ՀՀ ֆինանսական հատվածում իրականացված ներդումների մաքուր պաշարների ընդհանուր ծավալներում կազմել է 14%։ ԵՄ պարագայում հատկապես ակտիվ են Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Կիպրոսը և Ֆրանսիան։
- ԵԱՏՄ-ԵՄ մրցավազքը ՀՀ տնտեսությունում շարունակվում է։ Այս հակամարտության մեջ, ի տարբերություն Ռուսաստանի, ԵՄ-ին աջակցում են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան և Հավաքական Արևմուտքի այլ երկրներ։