Այս տարվա հունվարից առևտրի սուբյեկտների համար հարկը սահմանվել է 10%՝ նախկին 5%-ի փոխարեն, արտադրության դեպքում՝ 7%՝ նախկին 3,5 %-ի փոխարեն, հանրային սննդի դեպքում՝ 12%՝ նախկին 6%-ի փոխարեն։
Միկրոձեռնարկատիրության ցանկից դուրս կբերվեն և շրջանառության հարկի համակարգ կանցնեն մարզերում առևտրային գործունեությունը, վարսավիրական, մարմնի խնամքի, շոգեբաղնիքների գործունեությունը, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և վերանորոգման ծառայությունները, միջնորդական գործունեությունը՝ անշարժ գույքի վարձակալություն և վաճառք, ծրագրային ապահովման մշակման գործունեությունը և այլն։
Banksnews.am-ը թեմայի շուրջ զրուցել է ՀՀ Գործատուների միության անդամ, տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ։
— Որքանո՞վ է արդարացված փոքր բիզնեսի հարկերի ավելացումը Հայաստանում, երբ որպես պատճառ է նշվում խոշոր բիզնեսի կողմից շրջանառության հարկից օգտվելու համար զարտուղի ճանապարհների օգտագործումը։
— Հայաստանի փոքր ձեռնարկություններն իրենց շրջանառության ծավալներով և արտադրողականությամբ մնում են ցածր մակարդակի վրա։ Եթե Հայաստանը հետևում է ՓՄՁ-ների դասակարգման եվրոպական ստանդարտներին, մենք շրջանառության տեսանկյունից մի կարգով ցածր ենք։ Եթե, օրինակ, փոքր ձեռնարկությունը պիտի ունենա 11-50 աշխատող, մենք մնում ենք միջինը 15-20 աշխատողի շրջանակներում։ Այս պարագայում Կառավարությունը երկար տարիներ թույլ էր տվել, որ փոքր ու միջին ձեռնարկատիրությունը շունչ քաշի, զարգանա ու հասունանա և դրա համար սահմանել էր շրջանառության հարկը, բայց վերջին տարիներին շատ են եղել տարբեր դժգոհություններ, այդ թվում՝ խոշոր բիզնեսի կողմից, ինչպես նաև նույն բնագավառում ԱԱՀ-ով աշխատող ընկերությունների կողմից։ Նշում են, որ տարբեր հարկային ռեժիմներում աշխատելն անհավասար մրցակցություն է ստեղծում։ Կառավարությունն այս փոփոխությունը պատճառաբանում է նրանով, որ խոշոր ընկերությունները տրոհում են իրենց բիզնեսները, որպեսզի շրջանառության հարկով աշխատեն և չի բերում որևէ վիճակագրություն, թե որքան նման դեպքեր կան, կամ որ ոլորտներում են, Երևանու՞մ են, թե՞ մարզերում։ Սա կասկածներ է առաջացնում՝ արդյո՞ք դա այդպես է, թե՞ դա պատրվակ է փոքր բիզնեսին աստճանաբար տեղափոխելու ԱԱՀ դաշտ։
— Ի՞նչ ռիսկեր է պարունակում փոքր բիզնեսի համար հարկային բեռի մեծացումը։
— Հարկերի ավելացումը բնականաբար բերելու է թանկացման։ Հաշվապահական ծառայություններն արդեն 10-ից 20 տոկոսով թանկացել են։ Մենք ստիպում ենք փոքր և միջին ձեռնարկություններին ավելին վճարել և դժվարացնում ենք նրանց ծառայություններից օգտվելը։ Սա հետդարձ անող քայլ է։ Արդեն շուրջ 25 տարի է` Հայաստանում փոքր և միջին բիզնեսի տարեկան զարգացումը շատ չնչին է։ Եթե նախկինում մոտ 0,6 % էր, հիմա շուրջ 1 % է։ Այսինքն՝ զարգացման տեմպի աճը փոքր է։ Մի կողմից թվաքանակ է անվելացվում, մյուս կողմից՝ անընդհատ փակվում են։ Դրա համար էլ այսօր շատ ծանրաբեռնված են դատարանները, այդ թվում նաև սնանկության դատարանները։ Տասնամյակների ընթացքում փոքր բիզնեսի ուժեղացում, կարևոր դիրքերի գրավում տեղի չի ունեցել։ Բացի այդ՝ միկրո և փոքր ձեռնարկությունները հաճախ նաև ընտանեկան բիզնես են, այսինքն՝ ընտանիքի ապրուստը վաստակելու միջոց են։ Շատերը, երբ չեն կարողանում աշխատանք գտնել, հաճախ իրենց տարածքն օգտագործում են բիզնես սկսելու համար ու երբ մենք խոչընդոտում ենք նրանց գործունեությունը, դժվարացնում ենք նրանց ապրուստ վաստակելու պրոցեսը։
Բացի այդ՝ Հայաստանում օրենքներն ընդհանուր են գրվում, բայց մարզերում շատ էական տարբերվում է Երևանից․ և՛ աշխատավարձերի չափը, և՛ բիզնեսի կարողությունը, և՛ արտադրողականությունը։ Հայաստանի մոտ 6 մարզերը Հայաստանի ՀՆԱ ավելացման ու տնտեսական զարգացման տեսանկյունից առանձնապես տնտեսական պոտենցիալ չունեն։ Հետևաբար, որպեսզի հավասարության հասնենք, մարզերում պետք է նոր արտադրություններ, ծառայություններ բացվեն, որպեսզի մարդիկ ունենան աշխատանք։ Մինչև հիմա այս սխեման նույնպես բիզնեսի աջակցության որոշակի գործիք էր, բայց հիմա մենք այդ աջակցությունից զրկում ենք, բիզնեսի որոշակի քանակ զրկվում է այս հնարավորությունից։ Մեզ մոտ փոքր բիզնեսի զարգացումը շատ քիչ է եղել։ Տարիներ են եղել 9000 նոր բիզնես է բացվել, 10 հազարը՝ փակվել են։ Այստեղ շատ կարևոր է նաև, որ պետական աջակցության գործիքները նպաստեն շուկաների, հումքի հեշտ ձեռքբերման, աշխատուժի զարգացմանը։
— Կառավարությունը որոշակի գործիքակազմ ունի բիզնեսի աջակցության համար։ Որքանո՞վ են սրանք թիրախային ու որքանո՞վ են լուծում առկա խնդիրները։
— Կառավարությունն ունի ծրագրեր՝ լիզինգի ծրագիրը, և այլն, բայց փոքր բիզնեսին սրանք քիչ են հասնում, քանի որ փոքր բիզնեսը թվով շատ է։ Մոտավորապես 62-64 հազար միկրո և փոքր ձեռնարկություններ ունենք, հետևաբար այդ թվի մեջ ինչքան էլ գործիքները կիրառենք, այդպիսի քանակների չենք կարող աջակցել։ Բացի այդ՝ հայ ժողովուրդը ձեռնարկատիրական հակումներ ունի, ինչը շատ դրական է, ու շատերը նորից ուզում են ձեռնարկատիրությամբ զբաղվել։ Սրա հետ մեկտեղ՝ գույքահարկը թանկանում է, որը բիզնեսի գրպանիկ փող է տանելու, բանկային ծառայությունները նույնպես թանկացել են։ Ընդհանուր ապրանքներն են թանկացել, հումքը թանկացել է, և աշխատուժի դեֆիցիտ կա։ Ու այս ամենի հետ ավելացնում ենք ևս մի բեռ, որը կարող է խանգարել։ Կառավարության դրական ջանքերը երևում են, անշուշտ, չպետք է ուրանանք, բայց դրա հետ մեկտեղ էլ փոքր բիզնեսի մտահոգությունները չեն պակասել ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում