Հունվարի 5-ին հափշտակության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է դիմել Երևանի բնակիչ 42-ամյա տղամարդը և հայտնել, որ հունվարի 1-ին, ժամը 20։00-ից մինչև հունվարի 5-ի ժամը 18։00-ն ընկած ժամանակահատվածում իրենց բանկի հաճախորդ 26-ամյա Սարգիս Ղ․-ն թվով 1563 առցանց բանկային գործարքներ կատարելու արդյունքում բանկից հափշտակել է 753 մլն դրամ գումար և փոխանցել թվով 160 այլ բանկերի քարտերի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ինչպես հայտնել է ֆոտոլրագրողը, իրավապահների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Սարգիս Ղ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Աղբյուրի տեղեկություններով, ոստիկանություն դիմած տղամարդը Հայաստանում հայտնի բանկերից մեկի ինքնասպասարկման սարքերի սպասարկման ծառայության ղեկավարն է։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում