ԱՄՆ կառավարությունը բարձրացրել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությանը նպաստող տեղեկատվության համար նախատեսած պարգևը մինչև 25 միլիոն դոլար, հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
«Պետդեպարտամենտը Մադուրոյի և Դիոսդադո Կաբելոյի ձերբակալությանը կամ դատապարտմանը հանգեցնող տեղեկատվության համար պարգևավճարը բարձրացնում է մինչև 25 միլիոն դոլար»,- ասվում է ֆինանսների նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Պետդեպարտամենտը 15 միլիոն դոլար պարգև է սահմանում Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսի մասին տեղեկատվության համար։
Պետքարտուղարությունը նաև հայտարարեց վիզային նոր սահմանափակումներ «Մադուրոյի հետ կապված անձանց համար, ովքեր պատասխանատու են ընտրական գործընթացը խաթարելու և բռնաճնշումների համար»։
«ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարում է նոր անձնական պատժամիջոցների մասին Մադուրոյի հետ կապված ութ պաշտոնյաների դեմ, որոնք ղեկավարում են առանցքային տնտեսական և անվտանգության գործակալությունները», — ասաց ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան լրագրողների համար հատուկ ճեպազրույցի ժամանակ՝ կապված Կարակասի դեմ Վաշինգտոնի սահմանափակող միջոցների հետ։
Նրանց թվում են PDVSA-ի նախագահը, հանրապետության տրանսպորտի նախարարը, Conviasa ավիաընկերության ղեկավարը։ Ինչպես պարզաբանել է աշխատակիցը, ԱՄՆ-ն այդ միջոցները ձեռնարկում է Կանադայի, ԵՄ երկրների և Մեծ Բրիտանիայի հետ միասին։
Նշենք, որ ուրբաթ օրը՝ հունվարի 10-ին, Նիկոլաս Մադուրոն Վենեսուելայի Ազգային ժողովի շենքում երդմնակալության արարողության ժամանակ երդում է տվել երկրի Սահմանադրությանը և երրորդ անգամ անընդմեջ ստանձնել նախագահի պաշտոնը։ . Նրա պաշտոնավարման ժամկետը կավարտվի 2031 թվականին։
2024 թվականի նոյեմբերի վերջին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանեց Վենեսուելայի 21 պաշտոնյաների նկատմամբ՝ մեղադրելով նրանց Վենեսուելայի նախագահական ընտրություններից հետո բռնաճնշումներ իրականացնելու մեջ։
Անցյալ տարվա հուլիսի 28-ին Վենեսուելայում ընտրություններ էին։ Վենեսուելայի Ազգային ընտրական խորհուրդը հայտարարել է, որ Մադուրոն հաղթել է ձայների 51,2%-ով։ Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ Էդմունդո Գոնսալես Ուրուտիան հաղթել է ընտրություններում՝ հավաքելով ձայների 73%-ը: Վենեսուելայում բողոքի ցույցեր են սկսվել ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում