Հայաստանում բուռն քննարկումների առիթ է դարձել 2025թ․ սպասվող պետական «ռեկետը»։ Հանրության ֆինանսական բեռը, փաստացի, է՛լ ավելի է ծանրանալու` տրանսպորտի սպասվող թանկացում, աղբահանության վճարի փոփոխություն, գույքահարկի թանկացում։ Հատկապես մտահոգիչ է շրջանառության հարկի կրկնապատկումը։
Այսպես, իրականացված փոփոխությունների արդյունքում առևտրի սուբյեկտների համար հարկը սահմանվում է 10 %, արտադրության դեպքում` 7 %, հանրային սննդի դեպքում` 12 %։ Իհարկե կան որոշակի խմբեր, որոնց համար սահմանվում են այլ դրույքներ։ Օրինակ, ՏՏ ոլորտում կշարունակի գործել շրջանառության հարկի 5% դրույքաչափը, իսկ մարզերում կազմակերպվող հանրային սննդի գործունեության մասով շրջանառության հարկի բեռի վերանայումը 1 տարի ավելի ուշ է սկսելու`2026 թ․ հունվարի 1–ից։
Իշխանությունների կողմից «հանուն հանրության բարեկեցության բարձրացման» հանրությանը ներկայացվում են նախագծեր, որոնց ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ տեղի է ունենալու լրացուցիչ գումարների գանձում տարբեր պատճառաբանություններով և «փաթեթավորված» հիմնավորումներով։ Այսինքն, կրճատում են մարդկանց բարեկեցության մակարդակը ներկայում՝ հույսով, որ ձևավորվելու է ավելի բարեկեցիկ ապագա։
Նման օրինակներից է կայանատեղիների վճարի թանկացումը, ինչի դեպքում ընդհանրապես չի դիտվում Երևանի կենտրոնի բեռնաթափում։ Նույնը լինելու է շրջանառության հարկի մասով, որտեղ ևս պատշաճ ձևով հիմնավորված չեն ոչ հարկերի դրույքների բարձրացման ժամկետները, ոչ էլ դրույքները։ Առհասարակ, հարկային վարչարարության ցանկացած փոփոխություն պետք է արվի բավականին դանդաղ և հանրության տարբեր շերտերի հարմարվողականության սկզբունքով։
Վիճակագրական տվյալները փաստում են, որ ՓՄՁ-ները և խոշոր ընկերությունները 2023թ․ դրությամբ շրջանառության հարկի մասով պետբյուջե են փոխանցել մոտ ֏48 մլրդ։ Վերջինս 2022թ․ համեմատ աճել է 21%-ով։
Շրջանառության հարկի ծավալների 93%-ը կամ շուրջ ֏45 մլրդ վճարել են ՓՄՁ-ները, իսկ 7%-ը կամ մոտ ֏3 մլրդ՝ խոշոր ընկերությունները։ Ուսումնասիրենք մանրամասնորեն ՓՄՁ-ների կողմից վճարված շրջանառության հարկի ծավալների կառուցվածքը` ըստ կազմակերպությունների չափսերի․
Հաշվարկները ցույց են տալիս, որ գերփոքր կազմակերպություններին բաժին է ընկնում ՓՄՁ-ների կողմից վճարված շրջանառության հարկի ծավալների 75%-ը կամ մոտ ֏34 մլրդ։ Փոքր կազմակերպությունների մասնաբաժինը կազմում է մոտ 16%, իսկ միջին կազմակերպություններինը՝ մոտ 9%-ը։
Նկատենք, որ գերփոքր կազմակերպությունների կողմից վճարված շրջանառության հարկի ծավալները 2023թ․ 2022թ․ համեմատ աճել են 21%-ով, փոքր կազմակերպությունների պարագայում՝ 17%-ով, իսկ միջին կազմակերպությունների դեպքում՝ 47%-ով։
Եթե դիտարկենք իրավիճակը ըստ տնտեսության ճյուղերի, ապա գերփոքր կազմակերպությունների կողմից վճարված շրջանառության հարկի ծավալների 27%-ը պատկանում է մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում ոլորտին։
Շուրջ 25% մասնաբաժին է ապահովում կացության և հանրային սննդի կազմակերպում ոլորտը։ Մոտ 12% մասնաբաժին ունի մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտը։
Եզրափակելով` նկատենք, որ Հայաստանում հարկային բեռի զգալի ավելացումը գուցե և կարճաժամկետում հանգեցնի բյուջեի համալրման, սակայն որոշ ժամանակ անց կարող է նկատվել միանգամայն հակառակ միտումը։ Թվում է՝ տնտեսվարողներին նախօրոք պատրաստելով այս փոփոխություններին` հնարավորություն կստեղծվի մեղմել հնարավոր բացասական երևույթները տնտեսությունում։ Այդուհանդերձ, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տնտեսվարողներն էլ կսկսեն իրենց գործունեությունը ծավալել սպասվող հարկային ոչ դրական փոփոխություններին համապատասխան՝ նպաստելով այնպիսի տնտեսական միջավայրի ձևավորմանը, որն ավելի շատ կհանգեցնի տնտեսության աճի դանդաղեցմանը, զրոյացմանը և կամ անկմանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում