236 մլն եվրոյի նոր ֆինանսական պայմանագիր Եվրոպական ներդրումային բանկի հետ

1 Min Read

«Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին հավանություն է տրվել կառավարության այսօրվա նիստում:

Այս ֆինանսական պայմանագիրը 236 մլն եվրո գումարի չափով է:

Նախատեսված միջոցներն ուղղվելու են ՀՀ Սյունիքի մարզում Սիսիանի և Քաջարանի միջև նոր 60 կմ երկարությամբ մեկ երթևեկելի մասի ճանապարհային հանգույցի կառուցման ընդհանուր ծրագրի մի մասի ֆինանսավորմանը։ Ծրագիրը կիրականացվի երեք ենթահատվածներով՝

Հյուսիսային ենթահատված (Հյուսիսային ճանապարհահատված Սիսիանից մինչև Շենաթաղ)՝ 27.1 կմ  երկարությամբ,

Բարգուշատի թունել՝ 8.6 կմ երկարությամբ,

Հարավային ենթահատված` 24.25 կմ երկարությամբ:

Ծրագրի շրջանակներում կկառուցվեն ասֆալտբետոնե պատվածքով 11.1մ լայնությամբ (այդ թվում` ամրացված կողնակներ),  3 երթևեկելի գոտիներով (3.30մ) ճանապարհ, 4.7 կմ երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ, որոնցից ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ 8.6 կմ երկարությամբ (Ծրագրի թունելի հատվածը կֆինանսավորվի առանձին)։

Պայմանագրով նախատեսված միջոցներով կֆինանսավորվի Ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային և Հարավային ենթահատվածների կառուցումը։ Ծրագիրը կհամաֆինանսավորվի նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Ասիական զարգացման բանկի կողմից, յուրաքանչյուրի կողմից՝ 236 մլն եվրոյի չափով:

Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2033թ. դեկտեմբերը:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով