Բրազիլիայի հյուսիսում գտնվող Իրատապուրա գետի բնական արգելոցի հովանոցից վեր բարձրացող հսկա ծառը կոչվում է Angelim vermelho՝ 88,5 մետր բարձրությամբ և 9,9 մետր շրջագծով:
Գիտնականները նշում են, որ ծառը, որը գիտականորեն հայտնի է որպես Dinizia excelsa, Ամազոնում երբևէ հայտնաբերվածներից ամենամեծն է: Գրում է ABC.NET-ը։
Հետազոտողներն առաջին անգամ այն նկատել են 2019 թվականին՝ 3D քարտեզագրման նախագծի շրջանակներում արված արբանյակային լուսանկարներում: Ավելի ուշ հենց նույն տարվա ընթացքում այնտեղ են փորձել հասնել մի խումբ գիտնականներ, բնապահպաններ և տեղացի զբոսավարներ։ Բայց դժվար տեղանքով երթից 10 օր անց նրանք ստիպված են եղել հետ դառնալ, ուժասպառության, պաշարների պակասի, և թիմում հիվանդ անդամի պատճառով:
Angelim vermelho-ն անհասանելի է մնացել մինչև սեպտեմբերի 12-ից 25-ը, երբ հետախույզները նավով հաղթահարել են 250 կիլոմետրը, այնուհետև 20 կմ քայլել լեռնային ջունգլիների տեղանքով:
Ծառի տակ գիշերելուց հետո խումբը հավաքել է տերևներ, հող և այլ նմուշներ, որոնք գիտնականները կուսումնասիրեն՝ որոշելու համար ծառի տարիքը։ Անտառային ուղեկցորդ Դիեգո Արմանդո Սիլվան, որն օգնել է կազմակերպել ճամփորդությունը, ասում է, որ այն 400-ից 600 տարեկան է։
Մասնագետները կփորձեն հասկանալ նաև, թե ինչու են տարածաշրջանում այդքան հսկա ծառերը և որքան ածխածին են դրանք կուտակում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում