Շատ կարևոր է պահպանել երկրի ներքին և արտաքին տնտեսական հավասարակշռությունը։ Իրականում դա բավականին բարդ գործ է լինելու Հայաստանի պարագայում, քանի որ պետք է հասնել տնտեսության հավասարակշռության այնպիսի կետի, որտեղ մեծամասամբ իրավիճակները զարգանում են իրարից տարբերվող գործոնների ներքո։
Հայաստանում 2025թ․ տեղի ունենալիք հարկերի և տուրքերի դրույքների զգալի և կտրուկ աճն էապես ապակայունացնելու է ներքին տնտեսությունը՝ հանգեցնելով սոցիալական իրավիճակի լարմանը։
Մյուս կողմից, անհանգստացնող են Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները, որոնք ամբողջովին ատելություն են կրում հայ ժողովրդի նկատմամբ։ Այս խոսույթն իր ուրույն ազդեցությունն է գործում նաև Հայաստանի արտաքին տնտեսական միջավայրի վրա։
Կան նաև արտաքին այլ ազդակներ, որոնք ալեկոծում են ՀՀ արտաքին տնտեսական միջավայրը։
Այս պայմաններում ՀՀ արտաքին պահուստների ծավալների դինամիկան 2024թ․ եղել է հետևյալը․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2024թ․ ՀՀ միջազգային պահուստների ծավալները հաստատվել են $3․7 մլրդ մակարդակում, որը 2023թ․ համեմատ աճել է 1․7%-ով։
Նկատենք, որ 2024թ․ 2023թ․ համեմատ միջազգային պահուստների ծավալների աճ դիտվել է միայն դեկտեմբեր ամսին։
2024թ․ նոյեմբերին 2023թ․ նույն ամսվա համեմատ դիտվել է միջազգային պահուստների ծավալների ամենափոքր անկումը՝ 2,8%-ով, իսկ ամենախոր անկումը արձանագրվել է 2024թ․ հուլիսին 2023թ․ հուլիսի համեմատ՝ 17․1%-ով։
Ամփոփելով` նշենք, որ բազմաթիվ երկրների տնտեսություններում միջազգային պահուստներն ունենում են անվտանգության բարձիկների նշանակություն։ Եվ, հետևապես, միջազգային պահուստների ծավալների կայուն աճի պահպանումը հանդիսանում է արտաքին տնտեսության հավասարակշռության կարևորագույն բաղադրիչներից մեկը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում