Թոշակառուները պետք է ունենան Երևանի հաշվառում՝ միասնական տոմսային համակարգի արտոնություններից օգտվելու համար

1 Min Read

Երևանի քաղաքապետարանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ընթացքին առնչվող ասուլիսի ժամանակ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդադարձավ համակարգի արտոնությունների տրամաբանությանը, այն է՝ առանձին խմբերի դեպքում կարևո՞ր է, որ քաղաքացին ունենա Երևանի հաշվառում, թե՞ արտոնությունները բոլորին են վերաբերում:

Սուրեն Գրիգորյանը պարզաբանեց՝ միասնական տոմսային համակարգի արտոնություններից օգտվելիս Երևանում հաշվառում ունենալը կախված է խմբից: Օրինակ՝ թոշակառուները պետք է ունենան Երևանի հաշվառում, որպեսզի օգտվեն միասնական տոմսային համակարգի առանձին խմբերի համար նախատեսված արտոնություններից:

«Ուսանողների դեպքում, քանի որ ուսանողին արտոնություն տալու տրամաբանությունը այն է, որ ուսանող ես, դեռ չես աշխատում, այսինքն՝ աշխարհում տարածված է, որ ուսանողներին ինչ-որ չափի զեղչ տրվում է, այստեղ մենք ոչ թե Երևանում հաշվառված լինելու տրամաբանությունն ենք նայում, այլ Երևանի բուհում սովորելու: Այսինքն՝ դուք կարող եք ունենալ հաշվառում Կապանում, Գյումրիում, ոչ Երևանում, ցանկացած այլ տեղ, բայց եթե համապատասխան շտեմարանից ստանում ենք տեղեկատվություն, որ սովորում եք ԵՊՀ-ում, այսինքն՝ Երևանում գտնվող համալսարանում, ձեզ արտոնությունը հասանելի է»,- ասաց փոխքաղաքապետը:

Կիսվեք այս հոդվածով