Բազմաթիվ կանխատեսումներ վկայում են այն մասին, որ ապագայում աշխարհում պատերազմելու են ջրային պաշարների համար։
Նույնիսկ կան հիմնավոր կարծիքներ, որ Ադրբեջան-Հայաստան պատերազմի հիմքում նաև պայքարն է եղել ջրային ռեսուրսների պաշարների համար։
Հայաստանն ունի ջրային զգալի պաշարներ, սակայն պետության և հանրության կողմից ոչ բավարար ուշադրության հետևանքով ոչ միայն Հայաստանը, այլև մի շարք այլ պետություններ, կանգնելու են ջրի անվտանգության խնդրի առջև։
Ջրի անվտանգության աստիճանը հաշվարկվում է 10 տարբեր ցուցանիշների օգնությամբ։ Այստեղ հաշվի են առնում ինչպես ջրի սանիտարական վիճակը, այնպես էլ ջրային պաշարների առկայությունը և կլիմայի փոփոխության հետ կապված գլոբալ ու տեղական ռիսկերը։
- Ջրի անվտանգության ցուցանիշը տատանվում է 0-100 բալ մակարդակում։ Համարվում է, որ 0-40 բալ տիրույթում ջուրը համարվում է ծայրահեղ վտանգավոր, 41-64 բալ միջակայքում՝ վտանգավոր, 65-74 բալ սահմաններում՝ միջին վտանգավորության, իսկ 75-100 բալ ցուցանիշի պարագայում՝ անվտանգ։
Այս առումով հետաքրքիր է ծանոթանալ ծայրահեղ վտանգավոր և անվտանգ ջրային ռեսուրսներ ունեցող երկրներին, ինչպես նաև Հայաստանի և նրա մոտ-հեռու բարեկամ երկրների ջրային ռեսուրսների անվտանգության աստիճանին․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ ծայրահեղ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Սողոմոնյան կղզիների, Էրիթրեայի և Սուդանի ջրային ռեսուրսների մասով։ Սողոմոնյան կղզիներում արձանագրվել է ջրային պաշարների վտանգավորության առավելագույն` 23 բալ մակարդակ։
Ջրային անվտանգ ռեսուրսներով առաջին տեղում է հայտնվել Շվեդիան՝ 90 բալ ցուցանիշով։ Անվտանգ ջրային ռեսուրսներով աչքի են ընկնում Լյուքսեմբուրգը, Դանիան և Ավստրիան, ինչպես նաև Շվեյցարիան ու Նորվեգիան։
ՀԱՊԿ անդամ պետություններում և Հայաստանին հարևան երկրներում ջրային ռեսուրսների անվտանգություն միջին մակարդակ է պահպանվում Ռուսաստանում՝ 73 բալ, Թուրքիայում և Բելառուսում՝ 68 բալ։
Հայաստանում և հարևան մյուս երկրներում ջրային ռեսուրսները վտանգված են։ Մասնավորապես, ջրի անվտանգության մակարդակն Իրանում կազմել է ընդամենը 48 բալ։
Վտանգավոր ջրային ռեսուրսներ ունեցող երկրների ցանկում են հայտնվել Ղրղզստանը՝ 54, Ղազախստանը՝ 58, Հայաստանը և Արդբեջանը՝ 60, և Վրաստանը 63 բալ արդյունքներով։
Ամփոփելով`փաստենք, որ անհրաժեշտ միջոցառումների բացակայության պարագայում, մասնավորապես Հայաստանում, շատ շուտով անհնար կլինի վերահսկել իրավիճակը ջրային ռեսուրսների անվտանգության տեսանկյունից։ Արդյունքում հսկայական վնաս կհասցվի հանրային առողջությանն ու տնտեսությանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում