ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է օրենքի նախագիծ, որի նպատակն է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով օրական 8-ից 7 ժամ, շաբաթական՝ 40-ից 35 ժամ՝ պահպանելով աշխատավարձը։
Օրենքի նախագծի հիմնավորման մեջ վերոնշյալ փոփոխությունները հիմնավորվում են տարբեր երկրների փորձով, ինչպես նաև մարդու կյանքի որակի բարձրացման անհրաժեշտությամբ։
Ընդ որում՝ նախագծի օգտին կողմ է քվեարկել գրանցված օգտատերերի 96%-ը, դեմ՝ 4%-ը։ Հանրության շրջանում բազմիցս քննարկվել ու քննարկվում է նաև ամանորյա ոչ աշխատանքային օրերի քանակի ավելացման հարցը, ինչը հնարավորություն կտա մարդկանց լիցքաթափվել, ավելի շատ ժամանակ անցկացնել ընկերների, հարազատների և բարեկամների հետ։
Ի դեպ, աշխարհում նույնիսկ անցում է կատարվում եռօրյա, ինչպես նաև քառօրյա աշխատանքային շաբաթին, որի արդյունքում արդեն մի շարք երկրներում նկատվում են դրական փոփոխություններ մարդկային գործունեության տարբեր ոլորտներում։
Իսկ որքա՞ն է Հայաստանում աշխատանքային ծանրաբեռնվածությունը։
ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացմամբ աշխատանքային ծանրաբեռնվածությունն իրենից ներկայացնում է բոլոր ձևերի՝ վճարվող և չվճարվող, աշխատանքների վրա ծախսված միջին շաբաթական ժամերը։ Նկատենք նաև, որ հաշվարկները վերաբերում են 15 և բարձր տարիքի ՀՀ-ում մշտապես ներկա (ոչ միգրանտ) զբաղվածներին և ՀՀ-ում զբաղված միջազգային միգրանտներին (իմիգրանտներին):
Այսպիսով, 2023թ․ աշխատանքային ծանրաբեռնվածության մասով ունենք հետևյալ պատկերը․
Հայաստանում աշխատանքային ծանրաբեռնվածությունը կազմում է ընդամենը 65․5 ժամ։ Ընդ որում՝ քաղաքում աշխատանքային ծանրաբեռնվածությունը կազմել է 61․6 ժամ, իսկ գյուղում՝ 71․3 ժամ։
Նկատենք, որ տղամարդկանց աշխատանքային ծանրաբեռնվածությունը կազմում է 59․7 ժամ, իսկ կանանցը՝ 71․5 ժամ։
Հուսանք, որ աշխատաժամանակի տևողության կրճատմանն ուղղված օրենքի նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ապահովել կյանքի ավելի բարձր որակ, որն իր հերթին մի քանի անգամ ավելի դրական ազդեցություն կունենա տնտեսության ներկայի և ապագայի վրա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում