Թվեր, փաստեր և ֆինանսներ, ամփոփում ենք շաբաթը՝ Banksnews-ի հետ՝ չմոռանալով շնորհավորել ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Արդեն հայտնի է, թե որքան է ծախսել Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի տոնական տեսքի համար: Հարկատուների հաշվին, այս տարի Երևանի զարդարանքն արժեցավ մոտ 1.4 մլն դոլար:
Երևանի հանրային տրանսպորտում հունվարի 1-ից արդեն ամբողջությամբ գործում են ուղեվարձի անկանխիկ վճարման եղանակները։ Այդուհանդերձ, մինչև փետրվարի 1-ը կպահպանվի նաև 100 դրամ սակագինը։
2025 թվականին էլեկտրաէներգիայի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ։ Այս մասին հայտնել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ Հիշեցնենք, որ այս պահին ամսական մինչև 200 կՎտ ժամ սպառող տնային տնտեսությունների համար ցերեկային սակագինը 1 կՎտ ժամի համար 46,48 դրամ է:
Հայաստանը հայտնվել է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում՝ առաջ անցնելով Իտալիայից: Հայաստանին է բաժին ընկնում Ռուսաստանի ապրանքաշրջանառությունան մոտ 1,8%-ը:
Կենտրոնական բանկն ամփոփել է 2024թ.-ը` արձանագրելով, ֆինանսական համակարգի շահութաբերությունը կապիտալի հաշվարկով տարեկան կազմում է մոտ 18%։Բանկերի նորմատիվային կապիտալը կազմել է մոտ 1.7 տրլն դրամ, իսկ ակտիվները՝ մոտ 10 տրլն դրամ։
Եվ վերջում, Բլումբերգը հաշվել է 2024թ. 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը: Աշխարհի ամենահարուստ մարդը շարունակում է մնալ Իլոն Մասկը՝ 437 մլրդ դոլար կարողությամբ, երկրորդ և երրորդ տեղերում են Ջեֆ Բեզոսն ու Մարկ Ցուկերբերգը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում