ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադարձել է իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին՝ կապված Գորիս-Կապան ճանապարհի հետ․
«Արդեն բան ու գործ չունենք զբաղված ենք պատգամավոր ՔՊ-ականների ստերը «լուսաբանելով»։ Հիմա էլ ոմն Վ. Ալեքսանյան նստած հայտարարում է, որ Գորիս-Կապան ճանապարհը ՀՀ տարածքում չէր։ Վկայակոչում է 2010-ին ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում կատարված փոփոխությունները։ Սովորական քաղաքացու համար դա ազդեցիկ է։ Արա դե նախկիններն են տվել, մտածում են, հեսա էս տղեն օրենքն էլ ա նշում։ Մինչդեռ գործ ունենք սովորական ա լյա նիկոլ բլեֆի հետ։
Այդ փոփոխություններով պարզապես ճշտված են համայնքների և մարզերի ներքին սահմանները։ Դրանք ոչ մի կապ չունեն արտաքին սահմանի հետ։ Գորիս-Կապանը միջպետական ճանապարհ է և չէր կարող դիտարկվել Սյունիքի մարզի կամ որևէ համայնքի կազմում։ Այդ ճանապարհի կառուցման համար ՀՀ Նախարարների խորհուրդը հողահատկացում է կատարել։ ՀՀ Նախարարների խորհուրդը չէր կարող հողահատկացում կատարել Ադրբեջանական ԽՍՀ տարածքում։ Արխիվներից հանեք և ի ցույց դրեք այդ որոշումը։ Այլապես սա հերթական նողկալի ստախոսն է։
2020-ի դեկտեմբերի 18-ին ձեր իշխանության մեկ այլ նողկալի ներկայացուցիչ պաշտպանության նախարար Վ. Հարությունյանը (ներկայումս ՌԴ-ում ՀՀ դեսպան) արձանագրություն է ստորագրում, որով Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհն ու նրան հարող տարածքները հանձնվում են Ադրբեջանին՝ ըստ Google-maps-ի (որին դրանից 2 տարի առաջ Ադրբեջանը դոնորություն էր արել)։ Այս պարոնին շաաատ էին վախեցրել նաև Ադրբեջանի ՊՆ սպառնալիքները։
Ահա սա է ճշմարտությունը, այլ ոչ թե վարչատարածքային բաժանման մասին օրենքի թերությունները», – գրել է Հրանտ Բագրատյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում