Պաշտոնեական անփութության հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 7,5 մլն դրամի գույքային վնաս

1 Min Read

Դ․Ա․-ն, զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, պարտավոր լինելով պատշաճ մակարդակով իրականացնել ՀՀ ԱՆ-ի կողմից ձեռք բերված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ստացումը, առանց պատշաճ հանձնման-ընդունման աշխատանքներ կազմակերպելու՝ 2020 թվականի հունիսի 17-ին ստորագրել է տնտեսվարող կազմակերպության կողմից մատակարարված թթվածնային թերապիայի 200 սարք ստանալու վերաբերյալ էլեկտրոնային հարկային հաշիվները, որոնց հիման վրա ԱՆ-ի կողմից կազմակերպությանը փոխանցվել է 75 մլն ՀՀ դրամ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Արդյունքում՝ Դ․Ա․-ի կողմից իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով՝ ԱՆ-ի կողմից գնված թթվածնային թերապիայի 200 սարքերի բաշխումը ՀՀ-ում գործող բժշկական հաստատություններին ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից չի փաստաթղթավորվել, համապատասխան հաշվառում չի վարվել, ինչը հանգեցրել է նշված սարքերից 20-ի կորստյան։

Այսպիսով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 մլն 500 հազար ՀՀ դրամի գույքային վնաս, ինչպես նաև «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների» պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածում բժշկական կենտրոնները չեն ստացել նշված քանակի թթվածնային սարքեր: Դ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութությունը):

Դ․Ա․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Կիսվեք այս հոդվածով