Նոր տարի և ամեն ինչ նորից սկսելու ու ճիշտ անելու ևս մեկ հնարավորություն: Որոշումներ տարին նոր էջից սկսելու համար։
1. Սկսե՛ք:
Հիշեք, այն զգացումը, որն ունենում եք առաջին քայլն անելիս, ինչպիսին էլ որ այն լինի, ավելի լավն է, քան այն զգացումը, որն ունենում եք տեղում դոփելու ժամանակ: Այնպես որ, վեր կացեք և գոնե մի բան արեք: Գալիք տարում արեք առաջին քայլը. պարզապես մեկ քայլ դեպի առաջ: Հաջողության ամենամեծ հրաշքն այն չէ, որ հասել եք դրան, այլ, որ ձեր մեջ սկսելու քաջություն եք գտել:
2. Ձեր բոլոր ջանքերն ուղղեք դեպի գլխավորը:
Մի եղեք զբաղված, այլ եղեք արտադրող: Մի հետևեք ժամանակին, հետևեք ձեր արդյունքներին: Առաջին տեղում դրեք այն, ինչն ամենակարևորն է ձեզ համար, և առաջին հերթին հենց դա արեք:
Չսպասեք, որ ձեր նպատակին հասնելը հեշտ է լինելու, ցանկացած արժանի նպատակի ճանապարհը դժվար է լինում: Եթե այն այդպիսին չլիներ, ապա հիմա հասած կլինեիք այն ամենին, ինչին ձգտում եք: Բայց հենց դժվարությունն է այդ նպատակն արժանի դարձնում: Կարճ ճանապարհ չունի այն վայրը, որտեղ արժե հասնել:
3. Մի՛ շեղվեք ձեր ճանապարհից:
Հաջողակ կյանքն այն է, որն ապրել եք` ամբողջովին գիտակցելով ձեր գործողությունները, և հետևել եք սեփական ճանապարհին` չվազելով ուրիշների երազանքների հետևից:
Վարվեք այնպես, ինչպես լավ կլինի հենց ձեզ համար, չէ՞ որ ոչ ոք չի կարող ձեր փոխարեն ապրել ձեր կյանքը: Շարունակեք առաջ գնալ` ուշադրություն չդարձնելով նեգատիվի կամ ձեզ կոտրել փորձող շրջապատի վրա: Վարվեք այնպես, ինչպես պետք է: Ապրեք այնպիսի կյանքով, որով կկարողանաք հպարտանալ: Իսկ երբ հանկարծ հասկանաք, որ դա այդպես չէ, գտեք ձեր մեջ ամեն ինչ նորից սկսելու քաջություն և վերադարձեք ճշմարիտ ուղի:
4. Ինքնավստահ եղեք:
Իմացե՛ք, արդեն ամեն ինչ ունեք, որպեսզի ինքներդ ձեզ դարձնեք ամենակատարյալի հնարավոր տարբերակը: Հավատացե՛ք, որ կարող եք: Հավատացե՛ք, որ ունակ եք ավելի շատ չարչարվելու և ավելի հեռու հասնելու, քան առաջ: Հավատացե՛ք, որ դուք բավականին երիտասարդ, հասուն, խելացի և ուժեղ եք ձեր առջև դրված նպատակներին հասնելու համար: Թույլ մի տվեք կեղծ սահմանափակումներին խոչընդոտել ինքներդ ձեզ հաղթահարելուն: Առավել ևս թույլ մի տվեք, որ ձեզ ճիշտ ճանապարհից շեղեն այն մարդիկ, ովքեր կյանքում երբեք ձեր կողքով չեն քայլում:
5. Կենտրոնացեք որոշումներում:
Կյանքն ավելի լավն է դառնում միայն այն ժամանակ, երբ դուք որոշում եք այն այդպիսին դարձնել: Նեգատիվ մարդիկ միշտ բողոքում են, թե իրենց կյանքը վատն է, իսկ պոզիտիվ մարդիկ` լուռ և համբերատար, ամեն ինչ լավն են դարձնում:
Կյանքը միշտ լի է լինելու խնդիրներով ու փորձություններով, բայց դրանք ձեր ճանապարհին խոչընդոտ դարձնելու փոխարեն` կարող եք դարձնել անգին հնարավորություններ: Նրանք, ովքեր ունեն դա անելու քաջություն ու ինքնակառավարում, լավացնում են ոչ միայն իրենց կյանքը, այլև շրջապատի: Ուրեմն, դարձեք այդ մարդկանցից մեկը: Կենտրոնացեք ոչ թե խնդիրների, այլ դրանց լուծման եղանակների վրա, և փորձեք գոնե քիչ-քիչ առաջ շարժվել` դեպի պայծառ ապագա:
6. Ընդունեք այն, ինչն ունակ չեք փոխել:
Այն, ինչին դիմադրում եք, ձեզ երբեք բաց չի թողնի: Եթե ինչ-որ բանի դիմադրում եք՝ դրանով սնում եք նրան: Ուղղակի ավելորդ էներգիա եք վատնում այն ուժի վրա, որին դիմադրում եք: Եվ եթե փորձում եք հեռացնել ինչ-որ բան նեգատիվ էներգիայի միջոցով, ապա դրանով ուղղակի հրավիրում եք դրան ձեզ մոտ:
Սովորեք ընդունել իրերն այնպիսին, ինչպիսին դրանք կան, պոզիտիվ ու աշխատասեր եղեք, ազատվեք ամբողջը ղեկավարելու ծարավից, և պարգևատրումը կլինի այն, որ ձերը կդառնա ամբողջ աշխարհը:
7. Թողեք անցյալն իր տեղում:
Թույլ մի տվեք, որ ձեզ խանգարի այն, ինչն արժե, որ մնա ձեր թիկունքում: Մի արդարացրեք անցյալով ձեր ներկայի արհամարհանքը: Անցյալի վերքերը երբեք չեն ապաքինվի, եթե դուք նորից ու նորից դիպչեք դրանց:
Կատարվածն ընդունելն այն վշտալի պատառն է, որը ստիպված եք կուլ տալ, որպեսզի հետևում թողնեք երեկվա վշտերը: Եվ դա այն ընտրությունն է, որը ստիպված եք անել: Իմացեք, անցյալը նախանշում է ապագան… բայց միայն այն դեպքում, եթե թույլ եք տալիս, որ անի դա: Դուք, իհարկե, կարող եք ապրել անցյալով… բայց չարժե դա անել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում