ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

3 Min Read

Երկրների առանձին տնտեսվարողների մակարդակով ընթացող տնտեսական համագործակցության արդյունքում հայկական և արտասահմանյան կազմակերպությունների միջև ձևավորվում են որոշակի փոխադարձ պարտավորություններ, որոնցից կառանձնացնենք հայաստանյան ընկերությունների և Հայաստանի ու  այլ երկրների կազմակերպությունների միջև կրեդիտորական պարտքերը։

Վերջինիս ընդհանուր ծավալները, 2022 և 2021 թթ.-ի հունիսի վերջի դրությամբ, արձանագրել են հետևյալ արդյունքները.

Գծապատկեր 1. Հայաստանի կազմակերպությունների և Հայաստանի ու այլ երկրների կազմակերպությունների միջև կրեդիտորական պարտքերի ծավալը` 2022 և 2021 թթ.-ի հունիսի վերջի դրությամբ

Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2022 թ.-ի հունիսի վերջին արձանագրվել է կրեդիտորական պարտքերի ծավալի աճ 133,325 մլն դրամով՝ կազմելով 1,193,537մլն դրամ։

Կրեդիտորական պարտքի բաշխումը հայկական ընկերությունների և հայկական ու արտասահմանյան կազմակերպությունների միջև, 2022 և 2021 թթ.-երի հունիսի վերջի դրությամբ, կարող ենք նկարագրել ստորև բերված գծապատկերում.

Գծապատկեր 2. Կրեդիտորական պարտքի կառուցվածքը` 2022 և 2021 թթ.-երի հունիսի վերջի դրությամբ

Գծապատկեր 2-ից նկատում ենք, որ 2022 թ.-ի հունիսի վերջին հայկական կազմակերպությունների միջև առկա կրեդիտորական պարտքերի մասնաբաժինը նվազել է` 2021 թ.-ի մարտի վերջին արձանագրված 74 %-ից 2022 թ-ին դառնալով 70 %։ Աճ է արձանագրվել հայկական և արտասահմանյան կազմակերպությունների միջև առկա կրեդիտորական պարտավորությունների ծավալի մասով՝ 2021 թ.-ի հունիսի վերջի դրությամբ արձանագրված 26 %-ից 2022 թ.-ին դառնալով 30 %։

Հայկական և արտասահմանյան կազմակերպությունների միջև կրեդիտորական պարտքերի ծավալները, ըստ երկրների, կարող ենք ուսումնասիրել հաջորդիվ բերված գծապատկերի միջոցով.

Գծապատկեր 3. Հայկական և արտասահմանյան ընկերությունների միջև կրեդիտորական պարտքի ծավալները` ըստ տարածաշրջանի` 2022 և 2021 թթ.-երի հունիսի վերջին

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2022 թ.-ի հունիսի վերջի դրությամբ ԵՄ երկրների և հայկական կազմակերպությունների կրեդիտորական պարտքը նվազել է 2021 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ հաստատվելով 88,549 մլն դրամ մակարդակում։

ԵՄ երկրներից 2021 թ.-ի մարտի վերջին կրեդիտորական պարտքի առավելագույն մասնաբաժինը ձևավորվել է հայկական և իտալական կազմակերպությունների միջև՝ 8.6 %: Այլ երկրների և հայկական ընկերությունների կրեդիտորական պարտքը աճել է՝ 2021 թ.-ի հունիսի վերջի 117,770 մլն դրամ մակարդակից  2022 թ.-ի նույն ժամանակահատվածում հաստատվելով 190,924,3 մլն դրամ մակարդակում։ Երկրների այս խմբում նշանակալի է Միացյալ Արաբական Էմիրությունների մասնաբաժինը՝ 41 %։

Հետաքրքրական է, որ թուրքական և հայկական ընկերությունների միջև առկա կրեդիտորական պարտավորությունների մասնաբաժինը կազմել է 1 %։ Կրեդիտորական պարտքի աճ արձանագրվել է ԱՊՀ-ի և հայկական ընկերությունների միջև։ Վերջինիս ծավալները 2022 թ.-ի հունիսի վերջի դրությամբ հաստատվել են 105,482 մլն դրամ մակարդակում։ Երկրների այս խմբում ակտիվ են ռուսական ընկերությունները, որոնց մասով կրեդիտորական պարտավորությունների մասնաբաժինը կազմել է 91 %։

Կիսվեք այս հոդվածով