Սնուփ Դոգի համերգի կազմակերպման վերաբերյալ առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով վարույթի ժամկետը երկարաձգվել է 3 ամսով։
Banksnews.am-ը տեղեկանում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կայքում արված հրապարակումներից։ Ուշագրավ է, որ երկարաձգելու վերաբերյալ որոշման մեջ թաքցվել է տեղեկատվությունը․ փոխվել է նաև վարույթը հարուցելու վերաբերյալ որոշման անվանումը՝ հեռացվելով ԿԳՄՍ նախարարության անունը։ Սեպտեմբերի 3-ին ՄՊՀ կայքում հրապարակվեց որոշում, ըստ արի՝ ՄՊՀ-ն վարույթ հարուցել ԿԳՄՍ նախարարության կողմից Սնուփ Դոգի համերգի ֆինանսավորման վերաբերյալ որոշումը առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով։
Վարույթի քննության ժամկետը 3 ամիս էր, որը լրանում էր դեկտեմբերի 3-ին։ Արդեն ժամկետը լրանալու օրը ՄՊՀ-ն միջանկյալ որոշում է հրապարակել վարույթի քննության ժամկետը 3 ամսով երկարաձգելու վերաբերյալ, սակայն որոշման մեջ ոչ միայն փակված է որոշման համարը, այլև առանցքային տվյալները՝ մասնավորապես՝ նախարարության անվանումը, երգչի ու կազմակերպողի անունները։ Բացի այդ խմբագրվել է նաև վարույթի հարուցման վերաբերյալ որոշման վերնագիրը։
Հարցին՝ ինչու են տեղեկությունները թաքցվել, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի խոսնակը պատասխանեց, որ դա արվել է Մրցակցության պաշտպանության մասին օրենքի համաձայն։
Հարցին՝ այդ դեպքում՝ վարույթը հարուցելու վերաբերյալ որոշման մեջ ինչու թաքցված չեն տեղեկությւոնները, խոսնակն արձագանքեց․
«Ամբողջն արված է օրենքի սահմաններում։ Եթե չուզեինք որոշումը հրապարակել, չէինք հրապարակի»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում