Այս տարվա 9 ամիսների ընթացքում պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 412 մլրդ դրամ

2 Min Read

2022 թվականի 9 ամիսների ընթացքում պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 412 մլրդ դրամ, հարկային եկամուտները գերակատարվել են ավելի քան 77 մլրդ դրամով։ Արձանագրվել է հարկային եկամուտների հավաքագրման պատմական ռեկորդ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում ներկայացրել է ընթացիկ տարվա ինն ամիսների հարկային եկամուտների ցուցանիշները: Հայտնում են ՊԵԿ-ից։

Նույն ժամանակահատվածում հարկ վճարողներին վերադարձվել է ռեկորդային չափով գումար՝ 172 մլրդ դրամ, իսկ 2022թ․ 9 ամիսների տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 663 հազար՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը՝ 36,8 հազարով կամ 6 տոկոսով, իսկ 2020թ․ ցուցանիշը՝ շուրջ 60 հազարով:

Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 2021 թվականին կազմել է 22.7 տոկոս։ Ընթացիկ տարում նախատեսվում է ունենալ 11 տոկոս տնտեսական աճ և 8 տոկոս գնաճ, իսկ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը բարելավվելու է 0,5 տոկոսային կետով և կազմելու է 23․2 տոկոս։ «Սա նշանակում է, որ հարկային եկամուտներն ավելի արագ են աճում, քան ՀՆԱ-ն, ինչն այլ հավասար պայմաններում վերագրվում է հարկային վարչարարությանը և հարկային կարգապահության բարելավմանը։ Հարկային վարչարարությունը տարեցտարի իրականացվում է ավելի թիրախային՝ հիմնված վերլուծական գործիքների վրա»,-հայտնել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

ՊԵԿ նախագահն անդրադարձել է նաև վերջին շրջանում մաքսային համակարգում իրականացված բարեփոխումներին: Մաքսային գործառնությունների վերանայման արդյունքում հանվել են փաստաթղթային մի շարք ոչ ֆորմալ գործընթացներ։ Ներդրվել է նախնական հայտարարագրման համակարգը․ 24/7 ռեժիմով սահմանին ներմուծվող ապրանքների բացթողումն իրականացվում է ժամանումից հետո՝ միջինում 15 րոպեից մինչև 3 ժամում։

 

Կիսվեք այս հոդվածով