Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցությունը խորանում է. Ի՞նչ են փաստում ցուցանիշները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Կառավարության 2024թ․ դեկտեմբերի 19-ի N 1994-Ա որոշման համաձայն` hավանություն է տրվում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը, իսկ ՀՀ էկոնոմիկայի և Արտաքին գործերի նախարարներին հանձնարարվում է կազմակերպել միջազգային պայմանագրի ստորագրումը:

Փաստացի կարելի է արձանագրել, որ Հայաստանի իշխանությունները սկսել են մտերմանալ թուրք-ադրբեջանական եղբայրության անդամ Հունգարիայի հետ։ 

Հիշեցնենք, որ Հունգարիայի հետ ունեցած ջերմ հարաբերությունները սառեցին, երբ Հունգարիայում հայ սպային սպանած ադրբեջանցին առանց որևէ դատ ու դատաստանի հանձնվեց Ադրբեջանին, որտեղ էլ, բնականաբար, մարդասպանը հերոս հռչակվեց։ 

Ինչևէ, ՀՀ նոր իշխանությունները գտնում են, որ Հունգարիայի հետ պետք է վերսկսել բարիդրացիական հարաբերությունները։ Այս առումով հատկանշական է հարաբերությունների խորացումը տնտեսության բնագավառում։

Այս համատեքստում ուսումնասիրենք Հայաստան-Հունգարիա արտահանման և ներմուծման փոփոխությունները 2024թ․ հունվար-հոկտեմբերին 2023թ․ հունվար-հոկտեմբերի համեմատ․

ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2024թ․ հունվար-հոկտեմբերին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից Հունգարիա արտահանման ծավալները կրճատվել են մոտ 7%-ով՝ հասնելով $934 հզր մակարդակին։

Նկատենք, որ դեպի Հունգարիա արտահանման ծավալները չնչին մասնաբաժին ունեն ԵՄ արտահանման ծավալներում, ինչպես նաև ընդհանուր արտահանման ծավալներում։

Մյուս կողմից,  2024թ․ հունվար-հոկտեմբերին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ Հունգարիայից ներմուծված ապրանքների ծավալներն աճել են մոտ 12%-ով՝ կազմելով $28 մլն։ ԵՄ-ից ներմուծման ընդհանուր ծավալներում Հունգարիայի մասնաբաժինը 2024թ․ հունվար-հոկտեմբերին կազմել է 2%, իսկ ընդհանուր ներմուծման ծավալներում` 0․2%։

Փաստենք, որ դեռևս առևտրային պակասուրդը գործում է ի օգուտ Հունգարիայի։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Հունգարիան տնտեսապես բավականին ուժեղ երկիր է, հուսանք, որ ՀՀ իշխանությունների՝ ամեն գնով նախաձեռնած հայ-հունգարական ջեմացումն ինչ-որ մի պահից կաշխատի նաև ՀՀ օգտին՝ էապես նպաստելով դեպի Հունգարիա արտահանման ծավալներին։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով