Շտապօգնության 6 մեքենա՝ Կորեայից՝ Հայաստանին

1 Min Read

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն ընդունել են Կորեայի Հանրապետության դեսպանության և Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (ԿՄՀԳ) ներկայացուցիչներին:

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ անցնող տարվա ընթացքում կորեացի գործընկերների հետ արձանագրել են կառուցողական համագործակցություն:

Ի նշան փոխադարձ բարեկամության և համագործակցության՝ Կորեայի Հանրապետության կառավարությունը Զարգացման պաշտոնական աջակցության (ODA) 2024 թ. ծրագրի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարությանը նվիրաբերել է շտապօգնության 6 մեքենա, որոնցով կթարմացվի Հանրապետական շտապօգնության ծառայության ավտոպարկը:

«Այս փուլում, երբ իրականացնում ենք շտապօգնության ոլորտի բարեփոխումներ, շտապօգնության ավտոպարկը ևս 6 մեքենայով համալրելը կօգնի ավելի լավ կատարելու մեր առջև դրված խնդիրները»,- նշել է փոխնախարար Արմեն Գասպարյանը:

Քննարկվել է նաև մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում հնարավոր աջակցության հնարավորությունը:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով