Տաշիրում մեկնարկեցին «Երեմյան Ֆարմի» նախադեպը չունեցող մասշտաբային գյուղատնտեսական նախագծի շինաշխատանքները

5 Min Read

Հոկտեմբերի 8-ին Լոռու մարզի Տաշիր համայնքում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի, Եվրասիական զարգացման բանկի (EDB) Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանի, Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանի և Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյան
ներկայությամբ տեղի է ունեցել «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի «Երեմյան ֆարմ» նոր կառուցվող անասնաբուծական համալիրի հիմքում «Ժամանակի պարկուճով» առաջին քարե բլոկի տեղադրումը, որով և մեկնարկել են ֆերմայի շինարարական աշխատանքները։

Խորհրդանշական ուղերձով պարկուճը քարե բլոկում տեղադրվել էր դեռևս սույն թվականի օգոստոսի 5-ին «Երեմյան Փրոջեքթսի» Ջերմուկի ֆերմայում՝ Դավիթ Երեմյանի, Վահան Քերոբյանի և ԵԱԶԲ խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովի կողմից, ովքեր նույն օրը ստորագրել էին համագործակցության հուշագիրը, ըստ որի՝ Եվրասիական զարգացման բանկը 25 մլն դոլարի ներդրում է կատարելու Լոռու մարզի Տաշիր
համայնքում «Երեմյան ֆարմի» կողմից խոշոր տավարաբուծական և խոզաբուծական նոր ֆերմա կառուցելու համար:

Ըստ նախարար Վահան Քերոբյանի՝ նման նախաձեռնությունները նաև խթան են մասնավոր հատվածի և արտահանման ներուժի զարգացման համար.

«Մեկ տարի առաջ, երբ ընկերությունը այս նախաձեռնությամբ հանդես եկավ, մենք մեծ ոգևորությամբ արձագանքեցինք ու Եվրասիական զարգացման բանկի և Կառավարության մեր գործընկերների հետ ստեղծեցինք այնպիսի միջավայր, որ այս նախագիծը դառնա իրականություն։ Շատ ուրախ ենք, որ մեկ տարի անց շինարարական աշխատանքները մեկնարկել ու բուռն ընթացքի մեջ են, և արդեն հաջորդ գարնանը մենք կունենանք նոր, բարձրակարգ, առաջնակարգ ֆերմերային տնտեսություն, որը Հայաստանի գյուղատնտեսության արտադրողականության բարձրացման վրա զգալի ազդեցություն կունենա։ Այստեղ կա թե՛ խոզաբուծարան, թե՛ կաթնատու կովերի ֆերմա։ Երկուսն էլ շատ կօգնեն, որ մեր գյուղատնտեսության միջին արտադրողականությունը նույնիսկ զգալիորեն բարձրանա։ Բնականաբար, Տաշիր համայնքում այն շատ լավ օրինակ է մեծ և փոքր ֆերմերային ընկերությունների համար, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչպես է պետք զբաղվել բարձր արտադրողական գյուղատնտեսությամբ»։

Վահան Քերոբյանը հավելեց, որ ներդրումային այս ծրագրի ընդհանուր արժեքը 31 մլն ԱՄՆ դոլար է, և որ սա գյուղատնտեսության մեջ երևի թե ամենախոշոր ներդրումային ծրագիրն է, որը ցույց է տալիս, որ գյուղատնտեսության նկատմամբ ներդրումային հետաքրքրությունը կտրուկ մեծանում է։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ Կառավարությունն ունի գյուղատնտեսության խոշորացման իր ռազմավարությունը, և տարբեր գործիքների ու ծրագրերի միջոցով նրանք փորձում են այնպես անել, որ գյուղատնտեսությամբ զբաղվողները դրանով ունենան ավելի բարձր արտադրողականություն և մեծ շահույթով աշխատեն։

«Երեմյան Ֆարմի» անասնապահական այս խոշոր համալիրի ընդհանուր մակերեսը 29 հեկտար է, որը ներառելու է խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի համար նախատեսված ֆերմաներ, սպանդանոց՝ երկու ֆերմաների համար, կերախառնուրդի պահեստ, կերային կուլտուրաների աճեցման համար նախատեսված հողատարածք, գյուղատնտեսական մեքենաների կայանատեղի։ Համալիրը համապատասխանեցված է լինելու արտադրության և որակի սահմանված միջազգային չափանիշներին, հագեցած՝ ավտոմատ համակարգերով ու սարքավորումներով։

«Ծրագրի նպատակը ՀՀ-ում պարենային անվտանգության, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման
ապահովումն է», – շեշտեց Երեմյան Փրոջեքթս ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը․

«Սերմից՝ սեղան» ամբողջապես փակ ցիկլով գործելու մեր ռազմավարությունը թույլ է տալիս ապահովել կաթնարտադրության յուրաքանչյուր փուլի վերահսկողությունը, ինչը մեծապես կնպաստի հասարակությանը որակյալ կաթնամթերք մատակարարելուն և պարենային անվտանգության ապահովման այսօրվա մարտահրավերների հաղթահարմանը։ Մենք մեծ պատասխանատվություն ենք ստանձնել Հայաստանում ժամանակակից անասնաբուծության և կաթնամթերքի արտադրության նոր մշակույթ զարգացնելու գործում և, ինչպես տեսնում եք, այդ պարտավորություններն արդեն իսկ իրագործում ենք առանձնակի ակտիվությամբ»,-ասաց Դավիթ Երեմյանն ու հավելեց, որ անասնապահական այս համալիրը լինելու է
Հայաստանում իր տեսակի մեջ առաջինն ու եզակին։

ԵԱԶԲ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանն էլ նշել է. «Սա մեր բանկի խոշորագույն ներդրումներց մեկն է ՀՀ-ում, ինչով մենք շատ հպարտ ենք։ փորձագետներ են ներգրավված եղել նախագծի իրականացման ու նախապատրաստման համար։ Սա օրինաելի ծրագիր է նրանով, որ այստեղ միջազգային բանկի կողմից կառավարության և բիզնեսի եռակողմ համագործակցություն է ընթանում։ Այսպես մենք ցանկանում ենք ստեղծել մոդելային լուծում-մոտեցումը մեր երկրում ներդրումներ ներգրավելու համար։ Ծրագիրը, իհարկե, մեծ թափ կբերի մասշտաբային տնտեսության և տարածքային զարգացմանը, որովհետև Հայաստանում մասշտաբային արդյունաբերական տնտեսությունները շատ քիչ են։ Սա օրինակ կծառայի, որ հայ ներդրողները ևս ակտիվանան մեր երկրում։ Ծրագիրը մտնում է մեր ռազմավարության ընկերական ծրագրերի մշակույթի մեջ։ Շատ ուրախ ենք այս համագործակցության և հենց այսօր շինարարական աշխատանքները մեկնարկելու կապակցությամբ։ Վստահ ենք, որ ծրագրում
հաջողություն կունենանք․ այն նաև մոտիվացիա կլինի այլ ներդրողներ համար»։

 

Հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։

Կիսվեք այս հոդվածով