Ռուս-ուկրաինական հակամարտության արտացոլումը հայ-ուկրաինական տնտեսական հարաբերություններում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

4 Min Read

2022թ․ փետրվարին մարդկությունը թևակոխեց նոր ժամանակաշրջան, երբ ՄԱԿ անդամ երկու եղբայրական պետություններ՝ Ռուսաստանը և Ուկրաինան, հայտնվեցին կործանարար պատերազմում։

Ռուս- ուկրաինական պատերազմը, որը չի դադարել առ այսօր, հետևանք է տարիներ շարունակ Ռուսաստան-Արևմուտք խմորումների։ Ներկայումս այս հակամարտությունն աշխարհը կանգնեցրել է միջուկային ընդհարման սպառնալիքի շեմին։

Մինչ ռուս-ուկրաինական հակամարտության հետ կապված իրադարձությունները ծավալվում են ոչ դրական սցենարով, յուրաքանչյուր երկիր փորձում է հասկանալ դրա ազդեցությունը սեփական տնտեսության վրա։ Այս առումով արձանագրենք այն կարևոր հանգամանքը, որ Հայաստանի տնտեսության վրա ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունը կրում է մեծամասամբ անուղղակի բնույթ։

Մասնավորապես, պատերազմն ընթանում է ՀՀ սահմաններից հեռու, ինչպես նաև Հայաստանը մասնակցություն չունի այս պատերազմում, ինչպես, օրինակ, ԵՄ-ն, ԱՄՆ-ն և Հս․ Կորեան։ Վերոնշյալ հանգամանքերը հնարավորություն են տալիս Հայաստանի տնտեսությանը շնչել, սակայն պատերազմի «բեկորները» տարբեր փաթեթավորումներով հասնում են նաև մեզ։ Դրանցից մեկը հայ-ուկրաինական տնտեսական հարաբերությունների պոտենցիալի ոչ բավարար օգտագործումն է։ Մինչև իրավիճակի սրումը, Ուկրաինայում առկա էր հայկական մեծ համայնք, որը կապեր էր պահպանում Հայաստանի հետ։ Բացի այդ՝ գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսությունում շարունակում են զգալի դերակատարում ունենալ արտերկրից իրականացվող դրամական փոխանցումները. հիմնական ուղղություններն են Ռուսաստանը և ԱՄՆ-ն, սակայն Հայաստանը դրամական փոխանցումների որոշակի ծավալներ է ունենում նաև Ուկրաինայի հետ։

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ փոխանցումների այս ծավալները կտրուկ նվազել են ռուս-ուկրաինական պատերազմից հետո։ Մասնավորապես, 2023թ․ դրությամբ դրամական փոխանցումների ներհոսքի ծավալները կազմում են ՀՀ դրամական փոխանցումների ներհոսքի ընդհանուր ծավալների ընդամենը 0․02%-ը։ Համեմատության համար նշենք, որ 2021թ․ վերոնշյալ հարաբերակցությունը կազմում էր մոտ 1%։ Մյուս կողմից, ՀՀ-ից Ուկրաինա դրամական հոսքերի ծավալները 2023թ․ դրությամբ կազմել է ընդհանուր արտահոսքի ծավալների 0․4%-ը։ Մինչդեռ պատերազմից առաջ՝ 2021թ․, դեպի Ուկրաինա փոխանցումների ծավալների մասնաբաժինը կազմում էր մոտ 2%։

Իրավիճակին առավել հանգամանորեն անդրադառնալու նպատակով նախ և առաջ դիտարկենք հայ-ուկրաինական դրամական փոխանցումների ծավալների դինամիկան 11 տարվա կտրվածքով՝ 2013-2023թթ ժամանակահատվածում․

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023թ․ Ուկրաինայից Հայաստան դրամական փոխանցումների ծավալները կազմել են մոտ $1․2 մլն: Վերջինս 2021թ․ համեմատ կրճատվել է շուրջ 94%-ով, իսկ 2022թ․ համեմատ՝ 70%-ով։ Հայաստանից Ուկրաինա դրամական փոխանցումների ծավալները 2023թ․ կազմել են $15․6 մլն. 2021թ․ համեմատ թիվը կրճատվել է մոտ 21%-ով, իսկ 2022թ․ համեմատ՝ 33%-ով։

Հավելենք նաև, որ 2023թ․ դրությամբ դեպի ՈՒկրաինա դրամական փոխանցումների ծավալների շուրջ 7%-ը, իսկ արտահոսքի ծավալների դեպքում՝ 80%ոչ առևտրային է։ Այս համամասնությունն այլ է եղել պատերազմից անմիջապես առաջ։ Մասնավորապես, 2021թ․ դրությամբ դեպի ՈՒկրաինա դրամական փոխանցումների ծավալների շուրջ 90%-ը , իսկ արտահոսքի ծավալների դեպքում՝ 58%-ը ոչ առևտրային է եղել։

Ուսումնասիրենք հայ-ուկրաինական դրամական փոխանցումների «ճակատագիրը» 2024թ․ դրությամբ՝ ամսական կտրվածքով․

Պարզվում է՝ 2024թ․ հոկտեմբերի վերջի դրությամբ Ուկրաինայից ՀՀ դրամական փոխանցումների ծավալները կազմել են $ 250 հզր։ Վերջինս 2024թ․ սեպտեմբերի համեմատ աճել է 26%-ով, իսկ հունվարի համեմատ՝ մոտ 80 անգամ։ Մյուս կողմից, 2024թ․ հոկտեմբերին դեպի Ուկրաինա դրամական փոխանցումների ծավալները կազմել են շուրջ $1․3 մլն։ Վերջինս 2024թ․ սեպտեմբերի վերջի համեմատ աճել է 49%-ով, իսկ հունվարի վերջի համեմատ՝ 73%-ով։ 

Եզրափակելով իրականացված ուսումնասիրությունը՝ նշենք, որ ռուս-ուկրաինական հակամարտության «բեկորները» տարբեր կերպ և խորությամբ են ազդեցություն ունենում Հայաստանի տնտեսության վրա։ Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ դրամական փոխանցումների ընդհանուր ծավալներում ՈՒկրաինան ունի փորք մասնաբաժիններ, արձանագրված այս դրամական կորուստները զրկել են երկու երկրներին տնտեսության տարբեր ոլորտներում հավելյալ ներդրումներ կատարելու հնարավորությունից՝ նպաստելով երկու երկրների միջև առկա տնտեսական հարաբերությունների ամբողջ պոտենցիալի ոչ բավարար օգտագործմանը։

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ հայ-ուկրաինական դրամական փոխանցումների վիճակագրությունը 2024թ․ ամսական կտրվածքով խոսում է պատերազմից շուրջ երկու տարի անց երկու երկների միջև կապերի ակտիվացմամբ, որոնց ճակատագիրը զգալիորեն կախված է ռուս-ուկրաինական հարաբերությունների հնարավորինս արագ կարգավորմամբ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով