Արդեն 17 տարի համագործակցող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ու ԱրարատԲանկը նոր փաստաթուղթ են կյանքի կոչում:
10 միլիոն դոլարի վարկային պայմանագրեր են ստորագրում ԱրարատԲանկի գործադիր տնօրենն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի գրասենյակի ղեկավարը: Պայմանագրերը կանաչ նախաձեռնությունների և մրցունակության խթանմանն է ուղղված:
Եվրամիության, Կանաչ կլիմայի հիմնադրամի և Կլիմայական նախաձեռնությունների հիմնադրամի գործընկերությամբ է իրականացվում ծրագիրը: 5 միլիոն դոլարը տրամադրվում է «ԵՄ-ն բիզնեսի համար»-ՎԶԵԲ վարկային գծի շրջանակներում, մյուս 5 միլիոն դոլարը՝ Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի շրջանակներում:
«Եվրամիությունը բիզնեսի համար» ծրագրով վարկառուները կստանան ԵՄ դրամաշնորհներ և անվճար միջազգային խորհրդատվական ծառայություններ: Ֆինանսավորման առնվազն 70 տոկոսը կանաչ տեխնոլոգիաների համար է, 30 տոկոսը՝ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների:
2020-2023-ին Արցախից տեղահանվածների համար ևս ծրագիրը աջակցություն է նախատեսում: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը խրախուսական դրամաշնորհներ կտա ինչպես տեղահանված արցախահայերի ղեկավարած ձեռնարկություններին, այնպես էլ այն ընկերություններին, որտեղ նրանք աշխատում են:
Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող ներդրումները ներառում են արևային ֆոտովոլտային վահանակներ, երկրաջերմային ջերմային պոմպեր, էլեկտրական տրանսպորտային միջոցներ և լիցքավորման ենթակառուցվածքներ։
Մանրամասն՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում