Շիրակի մարզպետն աշխատանքից ազատման դիմում է գրել. Գյումրիում նշանակվեց ավագանու արտահերթ ընտրություն

1 Min Read

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ Պարոն Մուրադյանից շնորհակալություն հայտնել Շիրակի մարզպետի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա համագործակցության հույսով և հեռանկարով»,- նշեց վարչապետը:

ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները»,- նշված է որոշման մեջ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքում ավագանու արտահերթ ընտրություն նշանակվեց:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

« Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքում նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի փետրվարի 20-ից»,- ասված է որոշման մեջ։

Կիսվեք այս հոդվածով