Մամուլը գրել էր, որ Երևանի գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությունը արժեցել էր 90 մլն դրամ: «Ժողովուրդ» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, այսօր գրել է, որ Ազգային ժողովի կարիքների համար Ամանորին նվիրված միջոցառումը Ազգային ժողովի բակում՝ «Ամանորը Ազգային ժողովում» խորագրով, ծառայություններով հանդերձ արժեցել է 9 մլն դրամ։
Պետական բյուջեից հատկացվել է 9 մլն 333 հազար դրամ։
Պաշտոնական փաստաթղթերով սահմանված է. «ՀՀ Ազգային ժողովի այգու ամանորյա ձեւավորումը եւ տոնական համերգային ծրագրի կազմակերպումը իրականացնել 2024 թ. դեկտեմբերի 25-ին: Այդ թվում՝ ԱԺ կենտրոնական դարպասների ձեւավորում՝ կ-աձեւ (Պատվիրատուի հետ համաձայնեցմամբ), եղեւնու բնական ճյուղերով, խաղալիքներով եւ դարպասների լուսավորումով։ Կենտրոնական դարպասների դիմացի հատվածում պետք է տեղադրվի դեկորատիվ կամար եւ ձեւավորվի տոնական լուսավորությամբ: Տեղադրվելու է նաեւ ձնեմարդե 2 արձան՝ առնվազն 2.5 մետր բարձրությամբ (տեսքը, ձեւը եւ այլն Պատվիրատուի հետ համաձայնեցմամբ), եղեւնու բնական ճյուղերով։
Դարպասների մոտ յուրաքանչյուր կողմից պետք է տեղադրված լինի մեկական խաղավար-էլֆ՝ երեխաներին դիմավորելու համար (ընդհանուր 2 էլֆ)։ Ամանորյա եւ տոնական առնվազն 10 հերոսներ (ներառյալ Ձմեռ Պապ), ովքեր կզբաղեցնեն երեխաներին 2 ժամ տեւողությամբ: Կտեղադրվեն 6 հատ 3×3 մ չափի վրաններ:
1-ին վրան – ՏՈՆԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ, որտեղ 10 հատ դեկորատիվ, ամանորյա թեմատիկայով զարդարված զամբյուղներ կլինեն: Կտրամադրվեն լոլիփոփներ՝ կլոր 500 հատ եւ կոր ձողիկի նման՝ 500 հատ, մանդարին՝ 1000 հատ,
2-րդ վրան – ՏԱՔ ԱՆԿՅՈՒՆ, թեյ՝ 600 հատ, կակաո՝ 1000 հատ, լուծվող սուրճ՝ 600 հատ,
3-րդ վրան – ՔԱՂՑՐ ԱՆԿՅՈՒՆ, որում կտրամադրվեն՝ պիշկի 1000 հատ, եւ ամանորյա թխվածքաբլիթ՝ 1000 հատ։
Բոլոր վրաններում կլինեն առնվազն 1000 հոգու համար նախատեսված անձեռոցիկներ։
Նախատեսվում է ԱԺ բակում տեղադրել ֆոտոզոնա՝ ձմեռ պապի հետ նկարվելու համար: Արհեստական ձյուն՝ Ձմեռ պապի գալու ժամանակ եւ փակման պահին: Ամանորյա գլխարկներ՝ 1000 հատ, որոնք էլֆերը կբաժանեն դարպասների մոտ:
Նախատեսվում է ԱԺ էլեկտրոմոբիլի զարդարում (Ձմեռ պապի ժամանման համար)։ Էլեկտրոմոբիլը կտրամադրվի Ազգային ժողովի աշխատակազմի կողմից։
Նախատեսված է իրականացնել ներկայացման կազմակերպում՝ ինտերակտիվ հայերեն մյուզիքլ՝ տեւողությունը առնվազն 1 ժամ»:
Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում