Վիճակագրական կոմիտեն վերջերս հրապարակել է 2023թ․ վիճակագրությունը` տնտեսական ցուցանիշները` ռեգիոնալ կտրվածքով։
Դիտարկենք մարզերի և Երևան քաղաքի տնտեսության տեսակարար կշիռը Հայաստանի Հանրապետության տնտեսությունում 2023թ․ դրությամբ․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ արդյունաբերական արտադրանքի ծավալները 2023թ․ 2022թ․ համեմատ հանրապետությունում աճել են 5%-ով՝ կազմելով ֏2,885․9 մլրդ։ Այս ծավալների մոտ 41%-ն ապահովել է մայրաքաղաք Երևանը։
Նկատենք, որ 2023թ․ 2022թ․ համեմատ Երևանի ունեցած վերոնշյալ մանաբաժինն ավելացել է 6․1 տոկոսային կետով։
ՀՀ արդյունաբերական արտադրանքի ծավալներում առավելագույն մասնաբաժին ունեցող մարզերն են․
- Սյունիքը՝ 16,5%,
- Կոտայքը՝ 11%,
- Արարատը՝ 9․8%։
Հարկ է նշել, որ 2023թ․ 2022թ․ համեմատ Սյունիքի մարզի մասնաբաժինը կրճատվել է 2․3, Կոտայքում՝ 0․2, և Արարատում 1․4 տոկոսային կետով։
ՀՀ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները 2023թ․ 2022թ․ համեմատ կրճատվել են 7%-ով՝ կազմելով ֏948․3 մլրդ։ Այս ծավալներում զգալի մասնաբաժին ունեցող մարզերն են․
- Արմավիրը՝ 21․8%,
- Արարատը՝ 14․6%,
- Գեղարքունիքը՝ 11․6%։
2023թ․ 2022թ․ համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքում Արմավիրի մազրի մասնաբաժինը կրճատվել է 0․2, Արարատում և Գեղարունիքում՝ 0․1 տոկոսային կետով։
Վիճակագրական տվյալները փաստում են, որ շինարարության ծավալները 2023թ․ 2022թ․ համեմատ հանրապետությունում աճել են 14%-ով՝ կազմելով ֏678․5 մլրդ։ Այս ծավալների մոտ 49%-ը ապահովել է Երևանը։ Նկատենք, որ 2023թ․ 2022թ․ համեմատ Երևանի ունեցած վերոնշյալ մանաբաժինն ավելացել է 5․9 տոկոսային կետով։
Մարզերում ՀՀ շինարարության ծավալներում առավելագույն մասնաբաժին ունեցող մարզերն են․
- Կոտայքը՝ 12․2%,
- Արարատը՝ 7%,
- Սյունքիը՝ 6․6%։
Հարկ է նշել, որ 2023թ․ 2022թ․ համեմատ Կոտայքի մարզի մասնաբաժինը կրճատվել է 0․6։
Սյունիքում՝ 1․4, իսկ Արարատում աճել է 1․2 տոկոսային կետով։
ՀՀ-ում մանրածախ առևտրի ծավալները 2023թ․ 2022թ․ համեմատ աճել են 14%-ով՝ կազմելով ֏1,965․2 մլրդ։ Այս ծավալների մոտ 73%-ն ապահովել է մայրաքաղաք Երևանը։
Նկատենք, որ 2023թ․ 2022թ․ համեմատ Երևանի ունեցած վերոնշյալ մանաբաժինն ավելացել է 1 տոկոսային կետով։
Մարզերում ՀՀ մանրածախ առևտրի ծավալներում առավելագույն մասնաբաժին ունեցող մարզերն են․
- Կոտայքը՝ 4․9%,
- Արմավիրը՝ 4%,
- Շիրակը՝ 3․9%։
Հարկ է նշել, որ 2023թ․ 2022թ․ համեմատ Կոտայքի և Շիրակի մարզերում մանրածախ առևտրի ծավալների մասնաբաժինն աճել է 0․1, իսկ Արմավիրի մարզում կրճատվել է 0․2 տոկոսային կետով։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ ծառայությունների ծավալները 2023թ․ 2022թ․ համեմատ հանրապետությունում աճել են 19%-ով՝ կազմելով ֏3,134․8 մլրդ։ Այս ծավալների մոտ 86%-ն ապահովել է մայրաքաղաք Երևանը։
Նկատենք, որ 2023թ․ 2022թ․ համեմատ Երևանի ունեցած վերոնշյալ մանաբաժինը ավելացել է 0․1 տոկոսային կետով։ ՀՀ ծառայությունների ծավալներում առավելագույն մասնաբաժին ունեցող մարզերն են․
- Կոտայքը՝ 3․7%,
- Շիրակը՝ 1․9%,
- Արմավիրը՝ 1․5%։
Հարկ է նշել, որ 2023թ․ 2022թ․ համեմատ Կոտայքի մարզի մասնաբաժինն ավելացել է 0․6, Շիրակի մարզինը՝ 0․1 տոկոսային կետով, իսկ Արմավիրի մարզինը չի փոխվել։
Կատարված վերլուծությունը ևս մեկ անգամ հաստատում է այն, որ Հայաստանում ռեգիոնալ զարգացում տեղի չի ունենում։ Փաստացի գրեթե ամբողջ տնտեսությունը Երևանի «ձեռքում է»։ Հավելենք նաև, որ հայտարարվող տնտեսության աճերի հետևում մարզերը չկան, այսինքն` շարունակվում է Երևանն ամրացնելու քաղաքականությունը՝ ստվերում թողնելով մարզային հնարավորությունները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում