Ոստիկանությունը ներկայացնում է կանխարգելիչ միջոցառումների շրջանակում դեկտեմբերի 6-ին և 8-ին արձանագրված երկու դեպք:
«Սևան» ազգային պարկի էկոպարեկային ծառայողների և Գեղարքունիքի մարզի ՊԾ ջրային պարեկների համատեղ միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 6-ին Ջիլ բնակավայրի հարակից Սևանա լճի ափին հայտնաբերված ձկնորսական նավակում եղել է 55 կիլոգրամից ավելի սիգ: Նորատուս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը հայտնել է, որ ձկները գնել է անծանոթ անձից:
Ձկնորսական նավակը տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հաջորդ դեպքն արձանագրվել է դեկտեմբերի 8-ին:
Գեղարքունիքի մարզի ՊԾ ջրային պարեկները ժամը 21-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 67-րդ կմ հատվածի ափամերձ տարածքում կայանված «ՈՒԱԶ»-ի ստուգմամբ հայտնաբերել են երկու պարկ ձուկ:
Սևան քաղաքի բնակիչ 44-ամյա և 37-ամյա տղամարդիկ, «ՈՒԱԶ»-ով հանդերձ, տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին, որտեղ հայտնել են, որ 35 կիլոգրամից ավելի սիգը նույն օրը գնել են անծանոթ անձից:
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին: