ՊԵԿ նոր նախագահը հիփոթեքային վարկեր ունի․ Ի՞նչ է հայտարարագրել Էդուարդ Հակոբյանը

3 Min Read

Պետական եկամուտների կոմիտեն նոր նախագահ ունի. պաշտոնն այսուհետ կզբաղեցնի ֆինանսների նախկին փոխնախագահ Էդուարդ Հակոբյանը։ 

Banksnews.am-ն ուսումնասիրել է՝ ինչ է հայտարարագրել ՊԵԿ նոր նախագահը դեռ նախկին պաշտոնում եղած ժամանակ՝ 2023 թվականի հայտարարագրում։

Էդուարդ Հակոբյանը Երևանում բնակարան և ավտոտնակ է ձեռք բերել 2020 թվականի հուլիսին, դրանք տնօրինում է համատեղ սեփականության իրավունքով։

Էդուարդ Հակոբյանը տվյալ տարվա ընթացքում իր կողմից 90 օրից ավելի փաստացի տիրապետվող տրանսպորտի միջոց է նշել 2012 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան։

Ֆինանսների նախարարի նախկին տեղակալի բանկային հաշվի մնացորդը 2023 թվականի տարեվերջին կազմել է շուրջ 4 միլիոն 310 հազար դրամ, որը տարեսկզբի համեմատ կրկնապատկվել է։ Նա, որպես կանխիկ դրամական միջոցներ, հայտարարագրել է 4 միլիոն դրամ։

Հաշվետու տարվա ընթացքում պաշտոնյան ունեցել է շուրջ 19 միլիոն 987 հազար դրամ եկամուտ, որը գոյացել է Ֆինանսների նախարարությունից ստացած 19.9 մլն դրամ աշխատավարձից, կրկին ֆինանսների նախարարությունից ու  Տնտեսագիտական համալսարանից պայմանագրային հիմունքով ստացած 22 հազար դրամ և 3000 դրամ եկամտից, ինչպես նաև «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ից ստացած շուրջ 29 հազար դրամ ապահովագրական հատուցումներից։ Նշենք, որ, Հակոբյանի կինն աշխատում է հենց այս ՍՊԸ-ում։

ՊԵԿ նախագահը 2 վարկ ունի, որոնց մայր գումարի մնացորդը տարեվերջին կազմել է շուրջ 41.3 մլն դրամ։ Երկու վարկերի դեպքում էլ հիփոթեքի առարկա է նշվել բնակարանը։ 2023 թվականի ընթացքում նա վարկի մարմանն է ուղղել շուրջ 5.4 մլն դրամ։

Էդուարդ Հակոբյանը հայտարարագրում նշել է «Էջմիածնի սարքաշինական գործարան» ՓԲԸ-ում իր կամ ընտանիքի անդամի կողմից տնօրինվող բաժնետոմսերի մասին։

Էդուարդ Հակոբյանի կինը՝ Անուշ Միքայելյանը, ամուսնու մատնանշած համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքից բացի հայտարարագրել է նաև 2016 թվականին միանձնյա սեփականության իրավունքով գնված բնակարան մայրաքաղաքում։

Իսկ 2012 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի մեքենան, որը նշված էր ՊԵԿ նախագահի հայտարարագրում որպես վերջինիս կողմից 90 և ավելի օր տնօրինվող գույք, Անուշ Միքայելյանի հայտարարագրում նշված է որպես սեփականություն։ Այն ձեռք է բերվել 2019 թվականին։

Ըստ հայտարարագրի՝ Միքայելյանը 2015 թվականին հորից՝ Սարմեն Միքայելյանից, որպես ժառանգություն ստացել է 1.097.750 դրամ արժողությամբ բաժնետոմսեր։

Տարեվերջին 3 բանկերում Անուշ Միքայելյանի բանկային ավանդները կազմել են շուրջ 18.000 դոլար։ Բանկային հաշիվներին առկա է շուրջ 2 միլիոն 235.000 դրամ, 610 դոլար և 93 եվրո, շուրջ 2 միլիոն 800 հազար դրամ էլ հայտարագրել է որպես կանխիկ դրամական միջոցներ։ 

Էդուարդ Հակոբյանի կինը տարվա ընթացքում շուրջ 8 միլիոն 703 հազար դրամ եկամուտ է ստացել․ 6 մլն 503 հազար դրամը՝ «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ից, 673 հազար դրամ՝ Տնտեսագիտական համալսարանից և 371.364 դրամ աշխատավարձերից, 92 հազար դրամ՝ «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամից, և 1մլն 434 հազար դրամ՝ «Էջմիածնի սարքաշինական գործարան» ՓԲԸ-ից։

Միքայելյանի վարկի մայր գումարի մնացորդի չափը երկու բանկերում տարեվերջին կազմել է ընդհանուր առմամբ 31.671.725 դրամ, իսկ հաշվետու տարում նա վարկի մարմանն ուղղել է 2 միլիոն 556.000 դրամ։

Հիշեցնենք, որ Էդուարդ Հակոբյանը 2018-2022թթ. ֆինանսների նախարարության Մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետն էր, 2022թ. դեկտեմբերից մինչ 2024 թ․ նոյեմբեր զբաղեցնում էր ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով