Հասարակայնության հետ կապերի միջազգային ասոցիացիան (IPRA) հայտարարել է իր նորընտիր խորհրդի կազմը, որում ներգրավված փորձառու մասնագետների խումբը կառաջնորդի կազմակերպությունը 2025-2026 թթ-ին։ Հայաստանից Տաթևիկ Սիմոնյանն ընտրվել է խորհրդի կազմում և կներկայացնի Արևմտյան Ասիայի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանը։
IPRA-ն կառավարում է Տնօրենների խորհուրդը, որն իր հերթին ղեկավարվում է խորհրդի կողմից ընտրված նախագահի կողմից, և գործում կազմակերպության սահմանած կանոնակարգերի հիման վրա։
Նորընտիր խորհրդում են Ալան Գրոսբարդը (Ավստրալիա), Անն-Գրետ Իտուրիագա Աբարզուան, (Ավստրիա), Տաթևիկ Սիմոնյանը (Հայաստան), Դանիել Սիլբերհորնը (Գերմանիա), Ելենա Ֆադեևան (ԱՄԷ), Էնրիկ Օրդեյշը (Իսպանիա), Էսրա Չիզմը (Մեծ Բրիտանիա), Ֆաիսալ Զահրանին (Սաուդյան Արաբիա), Ժաքլին Փարսելը (Մեծ Բրիտանիա), Ջիմ ՄաքՔուինին (ԱՄՆ) և Սվետլանա Ստավրևան (Բուլղարիա)։
Խորհրդի անդամներն ընտրվում են տարածաշրջանային քվեարկությունների և ոլորտում ունեցած իրենց փորձի հիման վրա, ինչն ընդգծում է համաշխարհային PR ինդուստրիայում գերազանցության ձգտելու և նորարարությունը խթանելու IPRA-ի հանձնառությունը։
IPRA-ի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Շեփարդը, անդրադառնալով խորհրդի նոր կազմին, նշել է.
«Մեր 2025-2026թթ. Տնօրենների խորհրդում փորձառու PR մասնագետներ են աշխարհի 13 երկրից։ Նրանցից ոմանք, օրինակ, մեր խորհրդի հայ անդամը, պատասխանատու են իրենց տարածաշրջանի համար, իսկ մյուսները PR-ում իրենց փորձն են ներդնում նեղ մասնագիտացման խմբերում»։
IPRA-ի խորհուրդը հանդիպում է տարին երեք անգամ, ինչպես նաև ամենամսյա աշխատանքային քննարկումներ ծավալում առցանց ձևաչափով։ Խորհրդի նիստերը համընկնում են IPRA-ի տարեկան միջոցառումների հետ, ինչպիսիք են Golden World Awards մրցանակաբաշխության ժյուրիի կողմից հայտերի գնահատումը, մրցանակաբաշխության արարողությունն ու գալա ընթրիքը։
Տաթևիկ Սիմոնյանը, IPRA-ի խորհրդի նոր կազմին շնորհավորելով, նշում է.
«IPRA-ի նման հեղինակավոր միջազգային կառույցի Տնօրենների խորհրդում ընտրվելը պատիվ ու մեծ պատասխանատվություն է։ Սա Հայաստանը համաշխարհային հարթակում ներկայացնելու և ամբողջ աշխարհում հաղորդակցության ոլորտի զարգացմանը նպաստելու իմ մասնագիտական առաքելության կարևոր ձեռքբերումներից է: IPRA-ի 70-ամյա պատմության մեջ Հայաստանից տարածաշրջանի առաջին ներկայացուցիչը լինելը նաև ընդգծում է մեր աճող դերակատարումը համաշխարհային PR միտումների ձևավորման գործում: Վստահ եմ՝ այս դերը ոչ միայն կընդլայնի համագործակցությունը, այլև որպես խթան կծառայի Արևմտյան Ասիայի և Մերձավոր Արևելքի PR մասնագետների հզորացման համար՝ նրանց ձայնը լսելի դարձնելով միջազգային հարթակներում»:
Հասարակայնության հետ կապերի միջազգային ասոցիացիան (IPRA) հիմնադրվել է 1955 թվականին և PR մասնագետների գլոբալ առաջատար ցանցն է՝ ընդգրկելով մասնագետներ աշխարհի շուրջ 95 երկրից։ IPRA-ի գործունեությունը միտված է խթանելու էթիկական և վստահելի հաղորդակցությունները՝ միաժամանակ նպաստելով մասնագիտական զարգացմանն ու նորարարությանը հանրային կապերի ոլորտում:
IPRA-ն հասարակայնության հետ կապերի ոլորտում ամենամյա ամենախոշոր միջազգային մրցանակաբաշխության՝ Golden World Awards for Excellence (GWA) կազմակերպիչն է: GWA մրցանակաբաշխության հաղթողները PR-ոլորտում լավագույն մասնագետներն ու նրանց նախագծերն են:
GWA-ն նաև շնորհում է Global Contribution Award՝ ՄԱԿ–ի Կայուն զարգացման 17 նպատակներին համահունչ հաղորդակցային արշավների համար, իսկ Grand Prix for Excellence մրցանակը շնորհվում է տարվա ամենաօրինակելի արշավին։
Հատկանշական է, որ SPRING PR-ը հաջողությամբ կազմակերպել է Golden World Awards 2019 մրցանակաբաշխությունը Երևանում՝ Հայաստանում հյուրընկալելով ավելի քան 50 երկրների 120 առաջատար փորձագետների, բարձրաստիճան ղեկավարների և կառավարության ներկայացուցիչների։
***
Տաթևիկ Սիմոնյանը SPRING PR-ի համահիմնադիրն է, Doing Digital Forum-ի հիմնադիրը։ Նա նաև Դավոսի Համաշխարհային հաղորդակցության ֆորում ասոցիացիայի (WCFA) խորհրդի և Ամերիկայի հասարակայնության հետ կապերի ասոցիացիայի (PRSA) անդամ է։
Իր փորձի ու առաջնորդության շնորհիվ՝ Տաթևիկ Սիմոնյանը կարևոր դերակատարում ունի ռազմավարական հաղորդակցությունների միջազգային հանրույթում՝ նպաստելով տարածաշրջանում միջազգային փորձի կիրառմանն ու էթիկական հաղորդակցություններ վարելու պրակտիկաների ներդրմանը։ Նա նաև IPRA Golden World Awards (GWA) հեղինակավոր միջազգային մրցանակաբաշխության ժյուրիի անդամ է և իր ներդրումն ունի համաշխարհային լավագույն հաղորդակցային արշավների բացահայտման և ճանաչման գործում։
Մրցանակներ
- Ճանաչվել է 2022 թվականի «Տարվա համաշխարհային PR առաջնորդ» (Նյու Դելի, Հնդկաստան)
- Ընդգրկվել է 2022 թվականի հաղորդակցության 50 ազդեցիկ կին առաջնորդների թվում՝ exchange4media PR & Corporate Communications Women Achievers Summit-ի կողմից։
Կորպորատիվ մրցանակներ
- WCFA Digital PR Awards 2021-ի հաղթող՝ Milk is Love հաղորդակցային արշավի համար
- IPRA Golden World Awards 2021-ի դափնեկիր՝ «Համերի ճանապարհ» արշավի համար
- Global Host Award՝ IPRA Golden World Awards միջոցառումը և արշավը Հայաստանում բարձր մակարդակով կազմակերպելու համար
- Ժյուրիի հատուկ մրցանակ Eventiada IPRA Golden World Awards 2018-ում Գինեսի ռեկորդների գրքում The Longest Gata նախագծի գրանցման համար
- C4F Davos Awards 2017 մրցանակի դափնեկիր՝ «Լինենք հոգատար Հայաստան» (Let’s Care Armenia) ԿՍՊ արշավի համար: