Երբ Ղազախստանը հայտարարեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (BTC) խողովակաշարով նավթի մատակարարումները կտրուկ ավելացնելու պլանների մասին, Ադրբեջանի Պետնավթընկերությունը (SOCAR) հայտարարեց, որ դա անհնար է: Հիմնական պատճառը ղազախական նավթում ծծմբի առկայությունն է. դա նվազեցնում է ԲԹՋ-ով տեղափոխվող ադրբեջանական Azeri Light-ի որակը:
Հիշեցնենք, որ Ղազախստանի՝ թուրքական Ջեյհան տերմինալով նավթի արտահանումը զգալիորեն մեծացնելու պլանների մասին նոյեմբերի 25-ին հայտարարել էր էներգետիկայի նախարար Ալմասադամ Սաթկալիևը։ Նրա խոսքով՝ երկիրը մտադիր է ավելացնել նավթի արդյունահանումը և ԲԹՋ-ով դրա փոխադրման ծավալը ներկայիս 1,5 միլիոն տոննայի փոխարեն հասցնել տարեկան 20 միլիոն տոննայի։
Ներկայումս Ղազախստանի նավթի ավելի քան 80 տոկոսն արտահանվում է Ռուսաստանի տարածքով՝ հիմնականում Նովոռոսիյսկի տերմինալով։ Ղազախստանի կախվածությունը Ռուսաստանից նավթի արտահանման համար Մոսկվային հզոր լծակներ է տալիս Աստանայի վրա, և Ռուսաստանը 2022 թվականի փետրվարից ի վեր բազմիցս օգտագործել է այդ գործիքը: Մասնավորապես, Նովոռոսիյսկում նավթի ընդունման երկու տերմինալների աշխատանքը դադարեցվել է իբր «ծովում ուժեղ փոթորկի» պատճառով, ինչը հանգեցրել է Ղազախստանի նավթի արտահանման ծավալների կտրուկ նվազմանը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել է կառավարությանը դիվերսիֆիկացնել նավթի արտահանման ուղիները. այլընտրանքային տարբերակներից մեկը BTC նավթամուղն է, որով Ղազախստանը վերջին տարիներին ավելացնում է փոխադրումները։ Ներկայումս մատակարարման ծավալը կազմում է տարեկան 1,5 մլն տոննա։
Ըստ Reuters-ի՝ ադրբեջանական կողմը նշում է, որ նավթի առավելագույն ծավալը, որը կարելի է ընդունել ԲԹՋ խողովակաշարով, տարեկան 2,2 մլն տոննա է։ Սա սահմանափակում է նավթի արտահանման հարցում Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու Աստանայի ջանքերը:
Ղազախական KazMunayGas ընկերության և Ադրբեջանի Պետնավթընկերության միջև այս տարվա մարտին ստորագրված պայմանագրի համաձայն՝ նախատեսվում է ԲԹՋ-ով ղազախական նավթի փոխադրման ծավալի աստիճանական աճ՝ ներկայիս 1,5 մլն տոննայից մինչև 2,2 մլն տոննա։
Reuters-ին տված հարցազրույցում SOCAR-ն ասել է, որ Ղազախստանի արտահանումն Ադրբեջանի տարածքով կարող է աճել միայն մինչև նախկինում համաձայնեցված մակարդակը նավթի որակի հարցի շուրջ շարունակվող քննարկումների շնորհիվ:
«Ներկայումս ԲԹՋ-ով Ղազախստանից կարող ենք վերցնել ոչ ավելի, քան 2,2 միլիոն տոննա, որպեսզի որակը չփչացնենք»,- ասել է SOCAR-ի փոխնախագահը։
«Գնորդները բարձր են գնահատում Azeri Light նավթի ցածր ծծմբի պարունակությունը, որը դուրս է գալիս ԲԹՋ-ից», — ավելացրեց նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում