Intel-ի գործադիր տնօրենը հեռացվել է աշխատանքից

2 Min Read

Գելզինգերը, ով  Intel-ում  աշխատում է 1979 թվականից, իսկ 2021 թվականից ստանձնել էր ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը, այսօր ազատվել է աշխատանքից:

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, Գելզինգերը տնօրենների խորհրդի որոշմամբ ստիպված է եղել հրաժարական տալ։ Նրա և Intel-ի տնօրենների խորհրդի միջև կոնֆլիկտ է եղել, որն իր գագաթնակետին է հասել անցյալ շաբաթ։ Այդ ժամանակ Գելզինգերը հանդիպել է խորհրդի հետ՝ քննարկելու Intel-ի շուկայական մասնաբաժինը վերականգնելու և NVIDIA-ի հետ բացը փակելու շարունակական ջանքերը. գործակալությանը հայտնել են աղբյուրները:

Ըստ նրանց՝ Գելզինգերին ընտրության հնարավորություն է տրվել՝ կամ ինքնուրույն հրաժարական տալ, կամ հեռացվել բիզնեսից, նա ընտրել է առաջինը։

Գելզինգերը պատրաստվում էր ընդլայնել չիպերի արտադրությունն Intel-ի շրջադարձային ծրագրի շրջանակներում և կառուցել նոր արտադրական համալիրներ։ Սակայն նրա օրոք ընկերության արտադրանքը կորցրեց մրցունակությունը, տնօրենների խորհուրդը կարծում էր, որ դա պայմանավորված է վերջինիս ձգտմամբ՝ Intel-ը դարձնել կոնկրետ ընկերությունների համար չիպերի պատվերով արտադրող, գրում է Bloomberg-ը։

Intel-ի մեկ այլ խնդիր է արհեստական ինտելեկտի մշակման տեխնոլոգիան: Այս ոլորտում գերիշխում է NVIDIA-ն, որի վրա հոսել են տասնյակ միլիարդավոր դոլարներ, որոնք ժամանակին կարող էին հասնել Intel-ին, նշում է հրատարակությունը։ Մինչ NVIDIA-ն դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը՝ 3,4 տրիլիոն դոլար շուկայական արժեքով, Intel-ը չի կարող լայնամասշտաբ շուկա մուտք գործել նոր ապրանքներով, նշում է Bloomberg-ը։

Intel-ի փոխնախագահ և գլխավոր ֆինանսական տնօրեն Դեյվիդ Զինսները և Intel-ի արտադրանքի բաժնի ղեկավար Միշել Ջոնսթոն Հոլթաուսը կծառայեն որպես ժամանակավոր գործադիր տնօրեններ:

Բացի այդ, Ֆրենկ Յարին, ով զբաղեցնում է խորհրդի անկախ նախագահի պաշտոնը, կդառնա Intel-ի տնօրենների խորհրդի ժամանակավոր գործադիր նախագահ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով