Գործողությունները, որոնք կարող էին վնաս հասցնել մեր երկրին, ֆինանսավորվել են դրսից, ասել է վարչապետը
ԹԲԻԼԻՍԻ, 2 դեկտեմբերի – Sputnik.
Վրաստանի ռազմավարական օբյեկտներից մեկի ֆինանսավորումն արգելափակվել է, ինչը կարող է հանգեցնել նրան, որ երկիրը ստիպված կլինի վճարել միլիոնավոր դոլարների վնաս. ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Այս մասին գրում է Sputnik Грузия-ն:
Թուրքական ENKA ընկերությունը շահել է միջազգային արբիտրաժում ընդդեմ Վրաստանի կառավարության՝ Ռիոնի գետի կիրճում (Իմերեթի շրջան) Նամախվանի հիդրոէլեկտրակայանի շինարարության դադարեցման հետ կապված վեճում։ Արբիտրաժային որոշման համաձայն՝ երկիրը պետք է նախկին ներդրողին փոխհատուցում վճարի 383,2 մլն դոլարի չափով։
«Նախագիծը աշխատում էր, սակայն տեղի ունեցան բողոքի ակցիաներ, որոնց մասնակցում էին կասկածելի անձինք, ինչպես նաև արտասահմանից ֆինանսավորվող հատուկ հասարակական կազմակերպություններ», — ասել է վարչապետ Կոբախիձեն:
Կոբախիձեն առանձնացրել է Նամախվանի հիդրոէլեկտրակայանի շուրջ գործընթացներին մասնակցած երեք ՀԿ-ներ՝ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, Սոցիալական արդարության կենտրոնը և «Կանաչ այլընտրանքը»։
«Այն գործողությունները, որոնք վնասը կարող են պատճառել մեր երկրին, ֆինանսավորվել են դրսից, դրա համար էլ չեն ցանկացել ընդունել «Թափանցիկության մասին» օրենքը, որպեսզի այդ մութ գործերը կատարվեն հենց ՀԿ-ների ձեռքով։ «սև փողերով», — ասել է Կոբախիձեն։
Թուրք ներդրող «ENKA Renewables» ՍՊԸ-ն 2022 թվականի մարտի վերջին պաշտոնապես խզել է պայմանագիրը Վրաստանի կառավարության հետ։ Խզման պատճառը կառավարության կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելը և ֆորսմաժորային հանգամանքներն էին։
« Վրաստանի կառավարությունը պարտավոր է մեր դուստր ձեռնարկությանը վճարել մոտ 383,2 միլիոն դոլարի չափով փոխհատուցում՝ ներառյալ տոկոսները», — ասվում է Public-ի հայտարարության մեջ։
Նշվում է, որ փոխհատուցման նշված չափը ստանալուց հետո այն հատուկ իրավիճակային հայտարարությամբ կներկայացվի ENKA ներդրողներին։
2019 թվականին Վրաստանի կառավարությունը Նամախվանի ՀԷԿ-երի կասկադը մշակելու, կառուցելու, սեփականացնելու և շահագործելու իրավունք է տվել թուրքական ENKA ընկերությանը և նորվեգական Clean Energy Group ընկերությանը։ Նախագծի ավարտից հետո սպասվում էր, որ Վրաստանում էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը կավելանա 15%-ով։
Կասկադի կառուցման համար նախատեսվում էր ներդնել 830 մլն դոլար։ Սակայն բազմաթիվ խոչընդոտների և ֆորսմաժորային իրավիճակների պատճառով ENKA-ն որոշեց խզել պայմանագիրը կառավարության հետ։
Ավելի քան տասը ամիս Վրաստանում մշտական բողոքի ցույցեր էին անցկացվում Իմերեթիի շրջանի Ռիոնի գետի կիրճում Նամախվանի հիդրոէլեկտրակայանի կառուցման դեմ։
Ցուցարարները պահանջել են չեղյալ համարել Վրաստանի կառավարության և ENKA շինարարական ընկերության միջև կնքված պայմանագիրը, որը, ըստ նրանց, կազմվել է Վրաստանի համար անբարենպաստ պայմաններով։ Ցուցարարները պահանջում էին բացահայտել շինարարության մեկնարկի վերաբերյալ որոշումներ կայացնելու մեջ ներգրավված բոլոր անձանց ինքնությունը, ինչպես նաև Վրաստանի էկոնոմիկայի նախարարի հրաժարականը։
Եթե Ռիոնի գետի կիրճում իրականացվեր Նամախվանի հիդրոէլեկտրակայանի կասկադի նախագիծը, ապա Վրաստանը կունենար 333 ՄՎտ և 100 ՄՎտ հզորությամբ երկու նոր հիդրոէլեկտրակայան։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում