Վերանայվել են 2025 թվականի պետական բյուջեի նախագծի եկամուտները, ծախսերն ու դեֆիցիտը: Այս մասին, այսօր, ԱԺ-ում հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնեով պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակը։
«Մասնավորապես 2025-ի պետական բյուջեի վերանայված նախագծով ՀՆԱ-ն կանխատեսվել է 10 տրիլիոն 891 միլիարդ դրամ, տնտեսական աճը՝ 5.1%: Նշված ցուցանիշները սկզբնական նախագծի համեմատ փոփոխվել են նվազման ուղղությամբ համապատասխանաբար 158 միլիարդ դրամով և 0.5 տոկոսային կետով:
Պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 837 միլիարդ դրամ, որը նախնական տարբերակի համեմատ պակաս է 35.5 միլիարդ դրամով։ Նշված նվազեցումը հիմնականում պայմանավորված է համախառն ներքին արդյունքի վերագնահատման արդյունքում հարկային եկամուտների նվազեցումով։
Հարկեր ՀՆԱ ցուցանիշի անփոփոխ 25% մակարդակի պահպանման պայմաններում հարկային եկամուտները նվազել են 39.6 միլիարդ դրամով։
Պաշտոնական դրամաշնորհները ավելացել են 1.6 միլիարդ դրամով, ինչը պայմանավորված է ինչպես նպատակային և աջակցության դրամաշնորհ (02:00) ավելացումով, այնպես էլ փոխարժեքի փոփոխությամբ։
Այլ եկամուտների 2.6 միլիարդ դրամով ավելացումը պայմանավորված է առանձին եկամտատեսակների վերագնահատումով, ինչպես նաև փոխարժեքի փոփոխությամբ։
Պետական բյուջեի ծախսերը կկազմեն 3 տրիլիոն 441 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերը 2 տրիլիոն 706 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը 734 միլիարդ դրամ։ Բյուջեի ծախսերը առաջին փուլի համեմատ նվազել են 40.8 միլիարդ դրամով, ընդ որում ընթացիկ ծախսերը նվազել են 42.4 միլիարդ դրամով, իսկ կապիտալ ծախսերը աճել են 1.7 միլիարդ դրամով:
Ծախսերի նվազեցումը հիմնականում պայմանավորված է մակրոպահուստների նվազեցումով, 48.3 միլիարդ դրամի չափով, որը նախատեսված էր համախառն ներքին արդյունքի հնարավոր նվազեցումների ռիսկը կառավարելու համար»,- հայտարարել է նախարարը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում