Գերմանիայի խոշորագույն IG Metall արհմիությունը հայտարարել է Volkswagen (VW) ավտոկոնցեռնի աշխատակիցների նախազգուշական գործադուլի մասին՝ ընդդեմ արտադրության մի մասի փակման եւ աշխատատեղերի կրճատման ծրագրերի։ Ըստ РИА Новости-ի՝ օրերս կոնցեռնի ավելի քան 6 հզր աշխատակից Վոլֆսբուրգում դուրս էր եկել ցույցի։ Դա տեղի է ունեցել IG Metall-ի և Volkswagen-ի միջև կոլեկտիվ բանակցությունների երրորդ փուլի ֆոնին: Արհմիությունը բանակցությունների սեղանին է դրել €1,5 մլրդ տնտեսելու ծրագիր, որը չի ենթադրում ձեռնարկությունների փակում, զանգվածային կրճատումներ եւ աշխատավարձերի կրճատում:
Հոկտեմբերի վերջին VW-ի արտադրական խորհրդի ղեկավար Դանիելա Կավալոն հայտարարել էր, որ կոնցեռնը մտադիր է տնտեսելու համար Գերմանիայում առնվազն 3 գործարան փակել, ինչը կհանգեցնի տասնյակ հազարավոր աշխատատեղերի կրճատման: Ընդհանուր առմամբ, Գերմանիայում ընկերության 10-ը գործարաններում աշխատում է մոտ 120 հզր մարդ։ Ընդ որում, Volkswagen-ում նախկինում էլ չեն բացառել աշխատանքից ազատումները եւ արտադրությունների փակումը:
Կոնցեռնի գլխավոր տնօրեն Օլիվեր Բլումի խոսքով ՝ տնտեսման նոր քաղաքականությունը պայմանավորված է մրցակիցների՝ Եվրոպայում հաստատվելու ձգտման և Գերմանիայի մրցունակության անկման հետ: ԶԼՄ-ների տվյալներով՝ աշխատատեղերի կրճատումները կարող են սկսվել 2025թ․ հուլիսի 1-ից։ VW-ի ներսում կոշտ միջոցների կողմնակիցները մտադիր են կրճատել մինչեւ 30 հզր աշխատակիցների:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում