2024 թվականի նոյեմբերի 29-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչել շուրջ 60 միլիոն արժողությամբ «Երասխ-1» զորամասն օտարելու մասին Պաշտպանության նախարարության և Է.Ա.-ի միջև 2009 թվականի հունվարի 13-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը: Որպես հետևանք՝ Դատարանն անվավեր է ճանաչել Է.Ա.-ի անվամբ կատարված իրավունքի գրանցումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2023 թվականի ապրիլի 28-ին հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Արարատի մարզի Արմաշ գյուղում գտնվող՝ «Երասխ-1» զորամասի շուրջ 2200 քմ մակերեսով զորանոցը և այլ շինությունները, ինչպես նաև 1.2 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասն օտարելու մասին Պաշտպանության նախարարության և Է.Ա.-ի միջև 2009 թվականի հունվարի 13-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը և որպես հետևանք՝ Է.Ա.-ի անվամբ կատարված իրավունքի գրանցումը:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանի մեկ այլ՝ 2023 թվականի սեպտեմբերի 12-ի վճռով, հաստատվել էր նաև կողմի հետ Գլխավոր դատախազության կնքած հաշտության համաձայնությունը: Արդյունքում՝ պետությանն է վերադարձվել Արարատի մարզի Արմաշ գյուղում «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող՝ 9000 քմ մակերեսով հատուկ նշանակության հողամասը և 993.7 քմ մակերեսով շինությունները, որոնք 2024 թվականի հունվարի 4-ին ամրացվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում