Ինչո՞ւ է դոլարը թանկանում․ ըստ փորձագետի՝ բանկերն անորոշության մեջ են

4 Min Read

Վերջին օրերին դոլարի գինն արագ տեմպերով բարձրանում է, ու դրամն արժեզրկվում։

Եթե շուրջ 1 շաբաթ առաջ դոլար կարելի էր գնել 388-ից 390 դրամով, ապա այսօր արդեն դոլարի գինը հատել է 400 դրամն ու վաճառվում է 401-ից 403 դրամի շրջանակներում։ Բացի այդ, նվազում է ռուբլու փոխարժեքը։

Ինչո՞վ է սա պայմանավորված և ի՞նչ սպասել։ Այս մասին Banksnews.am-ը զրուցել է «Ամբերդ» փորձագիտական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանի հետ։

Որո՞նք են դրամի արժեզրկման պատճառներն ու արդյո՞ք այն փոխկապակցված է ռուբլու նվազման հետ։

– Ռուբլու կուրսը որոշվում է դրսում՝ դոլար-ռուբլի փոխարժեքով։ Հայաստանում որոշվում է դրամ-դոլար փոխարժեքը։ Հիմա, քանի որ միջազգային շուկաներում ռուբլին արժեզրկվում է, մեզ մոտ հատկապես դոլարի արժևորման ֆոնին մենք հակառակ էֆեկտն ենք տեսնում ռուբլու հետ կապված։ Հիմնական արտաքին պատճառը Ռուսաստանում իրավիճակն է, նավթի գները, նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն են գումարվում։ Իսկ մեզ մոտ, իմ  կարծիքով, պայմանավորված է սեզոնային բնույթով։ Դոլար-դրամ փոխարժեքի համար 2 գործոն կա․ առաջինը՝ սեզոնայնությունը, որովհետև մենք տարվա այս շրջանում ունենում ենք ներմուծման աճ, և դրանով պայմանավորված` սովորաբար արտարժույթի նկատմամբ պահանջարկը մեծանում է։ Եթե նայենք վերջին տնտեսական ակտիվության ցուցանիշը, ներմուծման, արտահանման մասով բավականին մեծ նվազում ունենք, որը ենթադրում է, որ արտարժութային հոսքերը որոշակիորեն պակասել են, և սեզոնայնությամբ պայմանավորված` որոշակի պահանջարկ կա։ Շատերը փորձում են դրամ-դոլար փոխարժեքի տատանումը պայմանավորել ուղղակի ռուսական ռուբլու փոխարժեքով, բայց քանի որ մեր բանկերը, որոնք հիմնական փոխարժեքի ձևավորողներն են, սովորաբար ռուբլու փոխարժեքի ռիսկը դրսում փակում են, չեն վերցնում իրենց վրա։ Նայում են հիմնականում միջազգային փոխարժեքին, և հիմնականում բանկի համար մեծ հաշվով կապ չունի՝ ինչ արժույթ է, իր համար կա արտարժույթ, որը ցանկացած պահի միջազգային շուկայում կարողանալու է փոխարկել իր ուզած դոլարով։ Սփրեդն էլ է գնալով մեծանում դոլարի առքի և վաճառքի։ Դա խոսում է նրա մասին, որ բանկերի մոտ անորոշություն է, ու այդ պայմաններում իրենք չեն ուզում շատ բարձրով դոլար գնեն, բայց քանի որ պահանջարկը բարձրանում է, սկսում են բարձրով վաճառել։

Ըստ Ձեզ՝ սա որքա՞ն կշարունակվի, ու դոլարի գինը որքա՞ն կբարձրանա։

– Այս ամենը կախված է նրանից, թե հոսքերը ինչքանով կնվազեն, մեր ակտիվությունը ինչքան կնվազի, որը շոկով էր պայմանավորված, բայց առաջիկայում ունենք տարվա վերջ, երբ հակառակ էֆեկտ է լինում․ հարկեր են վճարում, ներմուծման մասն էլ որոշակիորեն նվազելու է։ Չեմ կարծում՝ որևէ մեկը կկարողանա հստակ ասել՝ ինչքան կտևի։ Մեր ցածր փոխարժեքը հիմնականում պայմանավորված է դրսի շոկերով։ Մենք ունեինք մեծ արժութային հոսքեր, եթե արտարժութային հոսքերն արագ նվազելու են, բնականաբար դա կարող է բերել փոխարժեքի շարունակական փոփոխության կամ նոր հավասարակշռված իրավիճակի։

Ո՞ր ոլորտները ամենաշատը կտուժեն դրամի արժեզրկումից։

– Մենք ունեցել ենք գնագոյացում ինչ-որ փոխարժեքի շուրջ և այդ փոխարժեքի նվազելուց հետո մեզ մոտ գներն էական չեն փոխվել։ Այսինքն՝ ոլորտներ ունենք, որոնց դեպքում բարձր փոխարժեքի ժամանակ գներն են աճել, բայց դրանից հետո փոխարժեքի նվազում է եղել, գները չեն իջեցվել։ Կան ոլորտներ, որոնք այդ սփրեդը դեռ ունեն։ Խնդիր չի լինի, եթե ժամանակավոր պրոցես է, երկար չտևի։ Ինքն իրեն վերանալու է։ Եթե երկար տևի, բնականաբար, ներմուծման ոլորտը կտուժի։

Ի հավելումն նշենք, որ Կենտրոնական բանկից Banksnews.am-ի հարցին ի պատասխան անդրադառնալով թեմային, նշեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքի տատանումները նորմալ շուկայական զարգացումներ են, արտառոց դրսևորումներ չկան:

Կիսվեք այս հոդվածով