Որքա՞ն եկամուտ է ունեցել ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատված Ռուստամ Բադասյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

3 Min Read

Այս տարվա նոյեմբերի 18-ին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ազատվեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից։ Բադասյանը մինչ այդ էլ զբաղեցրել էր արդարադատության նախարարի պաշտոնը։ 

Banksnews.am-ն ուսումնասիրել է՝ ինչ է հայտարարագրել արդեն նախկին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը 2024 թվականին՝ նախորդ՝ 2023 թվականի իր եկամուտների ու ծախսերի վերաբերյալ ներկայացրած հայտարարագրում։ 

Բադասյանը միանձնյա սեփականության բնակարան է հայտարարագրել Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը նա ձեռք է բերել 2020 թվականին։ Իսկ հաշվետու տարվա ընթացքում նա որևէ անշարժ գույք ձեռք չի բերել։ 

ՊԵԿ նախագահը հայտարարագրում նշել է վարկի մայր գումարի մնացորդի չափը՝ 35 միլիոն 226 254 դրամ․ հիփոթեքի առարկա է նշվել բնակարանը։ 2023թ. ընթացքում Բադասյանը վարկի մարմանն է ուղղել 6 միլիոն 468 հազար դրամ։

Նրա բանկային հաշվի մնացորդները հաշվետու տարվա վերջին կազմել են 259 դոլար, 35 եվրո և 1 միլիոն 431 հազար դրամ, ևս 25 հազար դրամ էլ՝  էլեկտրոնային հաշվին։ 

Պաշտոնյայի հաշվետու տարվա եկամուտները կազմել են շուրջ 35 միլիոն 71 հազար դրամ, որից 23 միլիոն 377 հազար դրամը ՊԵԿ-ից ստացած աշխատավարձն է, 4 միլիոն 901 հազար դրամը՝ այլ եկամուտներ։

Բացի այդ, եկամուտների մեջ ներառված են նաև հարսանիքի առթիվ ստացած նվերները՝ 950 եվրո, 5300 դոլար և 4 միլիոն 340 հազար դրամ։

Ըստ հայտարարագրի՝ հաշվետու տարում Բադասյանը 5 միլիոն 314 հազար դրամ է ծախսել հանգստի վրա, ևս 4 միլիոն 600 հազար դրամ միանվագ ծախս է նշված, որի բովանդակությունը, սակայն, չի հստակեցվում։

Նախկին ՊԵԿ նախագահի կինը՝ Կարինե Լալաֆարյանը, «Մազդա» մակնիշի մեքենա է հայտարարագրել, որը ձեռք է բերել 2019 թվականին։ 

Լալաֆարյանի հայտարարագրում նշվում է նաև բրիտանական ֆոնդերից մեկում արված ներդրման մասին, որի արժեքը տարեսկզբին կազմել է շուրջ 9 հազար ֆունտ ստեռլինգ, իսկ տարեվերջին՝ շուրջ 17 հազար ֆունտ ստեռլինգ, ինչպես նաև շուրջ 13 հազար դոլարի բանկային ավանդներ:

 2023-ի տարեվերջին Կարինե Լալաֆարյանը բանկային հաշիվներին ունեցել է 600 եվրո և շուրջ 5,3 մլն դրամ։ Նրա հաշիվներից մեկի վերաբերյալ տեղեկության մեջ տարեսկզբի տվյալներով նշված է 18,029․06 դոլար, իսկ տարեվերջին՝ 18,029․06 դրամ։ Ենթադրելի է, որ այստեղ վրիպակ կա, սակայն անհայտ է՝ ի վերջո խոսքը դրամի, թե դոլարի մասին է։

Ըստ հայտարարագրի՝ Բադասյանի կինը տարվա ընթացքում ունեցել է 18 միլիոն 839 հազար դրամ եկամուտ, որը ստացել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից՝ (ՎԶԵԲ) որպես աշխատավարձ։

 

Կիսվեք այս հոդվածով